Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ․Panorama.am

08-11-2017 19:49:55   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
 


Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտանկյունում: Վերջիններիս հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու ի վերջո բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել:
 
Վանիկ Բաբաջանյանն, անդրադառնալով «բազմազավակ ընտանիք» բնորոշմանը և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշել է, որ բազմազավակ ընտանիքը մեր հասարակության միջինից ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ ասոցացվում է խորհրդային հին ու բարի ժամանակներում իրականացվող միջոցառումների հետ, երբ սոցիալական պաշտպանության համակարգը բավականին շռայլ է գտնվել ընտանիքների այն տիպի նկատմամբ, որոնք ունեցել են որոշակի թվով երեխաներ: Խորհրդային Հայաստանում նույնպես բազմազավակությունն օրենսդրական ճանապարհով կարգավորվել է և 4 ու ավելի երեխա ունեցող ընտանիքները համարվել են բազմազավակ ընտանիքներ և պետությունից ստացել են որոշակի երաշխիքներ ու սոցիալական աջակցության որոշակի տեսակներ:
 
«Բազմազավակ ընտանիքների արժևորումը ներկա պահին նախ և առաջ պետք է կապել Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի հետ: Ընդ որում այստեղ խոսքը պետք է կապել ոչ միայն ծնունդերի թվաքանակի և  ծնելիության հետ ընդհանրապես, այլև շատ երեխա ունեցող ընտանիքներում մարդկային կապիտալի բարձր որակ ստեղծելու տեսլականի հետ: Ցավոք, այսօր Հայաստանում բազմազավակ ընտանիք հասկացությունն ասոցացվում է աղքատության հետ: Իհարկե աղքատության հետ ասոցացումն իր մեջ ունի ճշմարտության հատիկ և հիմքեր, ինչը փաստված է նաև վիճակագրությամբ: Մարդահամարի վերջին 2011 թ.-ի տվյալների համաձայն 4 և ավել երեխա ունեն շուրջ 7400 ընտանիքներ, իսկ դրանցից շուրջ 6400 ընտանիք համարվում է անապահով և հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և համապատասխանաբար ստանում է ընտանեկան նպաստ»,-ասել է պաշտոնյան:
 
Նրա հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվել են ընտանիքների, այդ թվում նաև բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատում և պայմանավորված նաև սահմանադրական փոփոխություններով, որում բազմազավակությունը դիտվել է որպես մարդու իրավունք, նախարարության կողմից մշակվել և ներկայումս հանրային քննարկման փուլում է գտնվում «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է նախ և առաջ սահմանել, թե հանրապետությունում որն է համարվելու բազմազավակ ընտանիք և աջակցության ինչպիսի տեսակներ է ստանալու:
 
«Նախարարության կողմից մշակված նախագծով բազմազավակ է համարվելու 1 ամուսնական զույգի՝ մայրիկի և հայրիկի խնամքի տակ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել 1 նրբությա՝ կա ընտանիք և կա տնային տնտեսություն, ընտանիքը մեկ ամուսնական զույգի խնամքի ներքո գտնվող երեխաներով ընտանիքներն են, իսկ տնային տնտեսությունում հնարավոր է լինեն շատ երեխաներ, բայց լինեն տարբեր ամուսնական զույգերից: Եթե հաշվի առնենք այդ յուրահատկությունը, ապա ներկայումս 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կրկնակի ավել է, քան ընտանիքներինը»,-նշել է Վանիկ Բաբաջանյանը:
 
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Բաբաջանյանը նշել է, որ օրենքով սահմանվում են այն նպատակները, որոնց մեր հանրապետությունն ուզում է հասնել, ընդհուպ մինչև ժողովրդագրական իրավիճակի բարելավում և սահմանվում են աջակցության այն տեսակները, որոնք անհրաժեշտ կլինեն բազմազավակ ընտանիքներին և կնպաստեն նրանց կյանքի որակի բարելավմանը:
 
Մանրամասնելով աջակցության տեսակները՝ պաշտոնյան ընդգծել է, որ աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն է: «Սակայն օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, որովհետև նպաստ կարելի է տալ կրկնակի ավելի և անվերջ, բայց դա ընտանիքի համար որևէ հեռանկարային հարց չի լուծելու: Հիմնական մեխը ինքնապահովումն է, այնպես անել, որ տվյալ ընտանիքն իր ուժերով կարողանա հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, և այդ կապակցությամբ մենք տեսնում ենք հիմնական ուղղությունը տվյալ ընտանիքի սեփական աշխատանքը սկսելու հնարավորությունների զարգացման մեջ»,-շեշտել է պաշտոնյան:
Հաջորդ կարևոր աջակցության տեսակը առողջապահական ոլորտում է և չնայած նրան, որ ներկայում  բազմազավակ ընտանիքի երեխաները ստանում են արտոնյալ պայմաններով բուժսպասարկում, ըստ զրուցակցի, այդ ամենը պետք  դրվի լիակատար օրենսդրական ուղու վրա, և երեխաների հետ միասին նաև ծնողները պետք է ստանան բուժսպասարկում, քանի որ հաջողությունների կարող է հասնել այն ընտանիքը, որը առողջ և կենսունակ:
 
Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, բազմազավակ 7400 ընտանիքների 70  տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի տներում: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ նախատեսվում է այսօր իրականացվող և ապագայում իրականացվելիք պետական նպատակային ծրագրերում այդ ընտանիքների առաջնահերթ ընդգրկումը, և բնակարանների գնման կամ շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը:
 
Խոսելով օրենքի նախագծի մշակման ընթացքից՝ Բաբաջանյանը նշել է, որ աշխատանքներում ակտիվ ներգրավված են եղել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, հաշվի է առնվել միջազգային փորձը՝ ինչպես նախկին ԽՍՀՄ երկրների, այնպես էլ եվրոպական երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի,  Ֆրանսիային, Միացյալ Նահանգների և այլն: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի քննարկման համար նախատեսված միասնական պորտալում՝ e-draft.am կայքում, նախատեսվում են հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների և բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների հետ:
 
Ամփոփելով խոսքը՝ Վանիկ Բաբաջանյանը նշել է, որ չպետք է սահմանափակվել միայն օրենքի ընդունմամբ և կիրառմամբ. «Դա դեռևս գործի մի մասն է, մեզ անհրաժեշտ է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական հետագա առաջընթացը տեսնել զարգացման համապատկերում, եթե մենք սահմանենք ընտանիքի շեմ, ընտանիքը ստանա որոշակի աջակցություն, բայց աջակցության սահմաններից դուրս ունենանք ոչ բարենպաստ պատկեր, մենք հաջողության դժվար թե հասնենք: Մեկ օրենքի շրջանակներում ընտանիքի մեկ տիպին տրամադրվելիք աջակցության շրջանակներում մենք ի սկզբանե հաշիվ ենք տվել մեզ, որ ի վիճակի չենք լինելու բավարարելու նրանց բոլոր պահանջմունքները, բայց ունենք հիմնական պահանջմունքները բավարարելու հավակնություն»:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից