Հայաստան են ներմուծել լյարդը, երիկամները ախտահարող, անպտղություն եւ քաղցկեղ առաջացնող մանկական խաղալիքներ

02-11-2017 16:29:57   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Երեւանյան խանութներից մեկում վաճառվող չինական պլաստմասե խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատի չափազանց բարձր կոնցենտրացիաներ: Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը:
 

Ֆտալատը հորմոնալ խանգարումներ առաջացնող քիմիական նյութ է։
 
Ֆտալատները լայն կիրառություն ունեն արտադրության մեջ։ Դրանք մտնում են խոնավեցնող եւ փափկեցնող քսուքների, լոսյոնների, հոտազերտիչների, օծանելիքների, եղունգների լաքի բաղադրության մեջ։
 
Դրանք կիրառվում են նաեւ պլաստիկ խաղալիքների արտադրության ժամանակ` խաղալիքներին տալով փափկություն եւ ճկունություն։ Ներթափանցելով օրգանիզմ` ֆտալատները հանգեցնում են օրգանիզմի դիմադրողականության եւ պաշտպանիչ հատկությունների անկմանը, ախտահարում են լյարդը, երիկամները, առաջացնում անպտղություն եւ քաղցկեղ, նյութափոխանակության խանգարումներ, ճարպակալում, դիաբետ, գլխուղեղի զարգացման ընթացքում՝ նեյրոտոքսիկ փոխազդեցություններ։ Տղամարդկանց մոտ ճնշում են սպերմատազոիդների զարգացումը եւ առաջացնում ամորձիների հետաճ, հետեւաբար՝ անպտղություն։
 
Ավելի խոցելի են համարվում դեռահաս կանայք եւ երեխաները։
 
Ֆտալատների օգտագործումը մանկական խաղալիքներում փաստացի արգելված է Եվրոպական Միության տարածքում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Թայվանում, Ավստրալիայում եւ այլն։ Դրանց մի քանի տեսակների օգտագործումը սահմանափակված է զանգվածի 0,1 տոկոսի չափով։
 
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ որոշ տեսակներ, օրինակ, դիբութիլֆտալատը, արգելված են ընդհանրապես:
 
 
Լուսանկարում պատկերված խաղալիքները վաճառվում են առանց փորձաքննության եւ տեխնիկական կանոնագրքին անհամապատասխանություններով
 
Խաղալիքների հետազոտությունն անցկացվել է Ռուսաստանի Գրինպիսի կողմից՝ «Էխո-Սոգլասիե» (ՌԴ), «Էկոլոգիական որոշումների կենտրոն» (Բելառուս), «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» (Հայաստան), «Անկախ էկոլոգիական փորձաքննություն» (Ղրղզստան) եւ «Human Health Institute» (Ղազախստան) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։
 
2017 թվականին ԵԱՏՄ հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցում են այս նախագծին, իրենց համախոհների շրջանում հարցում են անցկացրել, թե որ խաղալիքներն արժե փորձաքննության ենթարկել։ Արդյունքում ընտրվել են 16 տեսակի խաղալիքներ։ Ամենաշատ ձայներ էին հավաքել տիկնիկները, լոգանքի խաղալիքները, կենդանիների եւ մուլտիպլիկացիոն հերոսների պլաստմասե ֆիգուրները։ 
 
Խաղալիքները ձեռք են բերվել Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մանկական խանութներից, ինչպես նաեւ պատվիրվել են ինտերնետ-խանութներից։ Ապրիլ ամսին նմուշները փոխանցվել են Գրինպիսի Մեծ Բրիտանիայի փորձաքննական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Գերմանիայի Eurofins Consumer Product Testing վերլուծական լաբորատորիա։ Ստուգվել է խաղալիքների մեջ ֆտալատների 10 տեսակների առկայությունը։
 
Քնարիկ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խանութներից մեկից գնել է չինական արտադրության «Childrens Toys» անվանումով խաղալիք եւ երեխայի ատամների աճի շրջանում օգտագործվող ծծակ, որոնք ուղարկվել է գործընկեր կազմակերպությանը՝ փորձաքննության նպատակով։
 
«Նախընտրեցի լաբորատորիա ուղարկել այնպիսի խաղալիքներ, որոնք գնային առումով ավելի լայն շրջանակների է հասանելի: Ծծակի գինը 800 դրամ էր, խաղալիքների հավաքածուինը՝ մեկ փաթեթավորմամբ, 1000 դրամ:
 
Մեր նախորդ փորձաքննությունները ցույց են տվել, որ բրենդային խաղալիքները, այդ թվում՝ հայկական «Մանկանը», խնդիր չունեն»,- պատմեց Քնարիկ Գրիգորյանը: 
 
Խաղալիքների լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ բոլոր նմուշները պարունակում են ֆտալատներ՝ տարբեր խտություններով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում արգելված դիբութիլֆտալատ։ Բացի այդ, խաղալիքների ավելի քան մեկ երրորդը պարունակել է ֆտալատների այնպիսի խտություններ, որոնք արգելված են Եվրամիության, Չինաստանի տարածքներում եւ այլուր։
 
Խաղալիքների նմուշներից հինգը, այդ թվում՝ հայկական շուկայից գնված խաղալիքները, պարունակել են ֆտալատների ամենաբարձր կոնցենտրացիներ։ Մյուս չորսը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի շուկայից գնված խաղալիքներ են։
 
Հայաստանում ձեռք բերված նմուշի մեջ հայտնաբերվել է դիզոբութիլֆտալատ (DIBP)` զանգվածի 19 տոկոսի չափով (190000 մգ/կգ), ինչպես նաեւ դի(ն-բութիլ) ֆտալատ (DnBP) (3060 մգ/կգ կամ զանգվածի 0,306 տոկոսի չափով), որի ամենաբարձր կոնցենտրացիաները եղել են հենց հայկական շուկայում ձեռք բերած խաղալիքների մեջ:
 
Լուսանկարում պատկերված խաղալիքը վաճառվում է առանց փորձաքննության եւ տեխնիկական կանոնագրքին անհամապատասխանություններով
 
Մեծ զանգվածը խոսում է այն մասին, որ ֆտալատները օգտագործվել են հատուկ նպատակով՝ խաղալիքներին փափուկ ձեւ տալու համար։ Նման ծավալի կոնցենտրացիա արգելված է Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնագրքով։
 
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մանկական խանութներից ձեռք բերված 16 խաղալիքներից 9-ն արտադրված է Չինաստանում, մեկական՝ Վիետնամում եւ Բելառուսում, երեքը՝ Ռուսաստանում, իսկ երկուսը արտադրող երկրի եւ բաղադրության վերաբերյալ որեւէ մակնշում չեն ունեցել։ Մեկ խաղալիքի վրա եղել է հավելյալ մակնշում՝ «Ֆտալատ չի պարունակում»։
 
Ղազախստանում, Բելառուսում եւ Ռուսաստանում ձեռք բերված նմուշների կոնցենտրացիաներում ֆտալատների որոշ ձեւեր եղել են զանգվածի 26-32 տոկոսի չափով, ինչը 260-ից մինչեւ 320 անգամ գերազանցում է եվրոպական անվտանգության նորմաները։
 
Սկսած 2009 թվականից, մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի՝ շրջակա հարցերով գրասենյակը եւ այլն, իրենց մտահոգությունն են հայտնել էնդոկրին համակարգը խարխլող նյութերի արտադրության բարձր ծավալների եւ դրանցից բխող ռիսկերի վերաբերյալ։ 2013 թվականին 19 երկրների 100 գիտնականներ ստորագրել են Բերլամոնտյան դեկլարացիան, որտեղ հանդես են եկել նման նյութերի տարածման վերաբերյալ եւ կոչ են արել դրանց օգտագործումը կարգավորելու գործողությունների համար։
 
2013 թվականին ֆտալատի արտադրության ծավալներն աշխարհում տարեկան կազմել են մոտ 5,5 միլիոն տոննա։ Քանի որ ֆտալատները քիմիական առումով չեն ձուլվում ապրանքներին, նրանք կարող են շատ հեշտորեն ազատվել ու ներթափանցել օդ, ջրի կամ հողի մեջ, թքի մեջ եւ այլն։ Դա տեղի է ունենում ոչ միայն արտադրության մեջ կամ դրա արդյունքում, այլեւ՝ ուտիլիզացիայի ժամանակ, ինչի հետեւանքով` ֆտալատը փոխազդեցության մեջ է մտնում ոչ միայն մարդու, այլեւ՝ էկոհամակարգի հետ։ Այս քիմիական նյութը կարող է կուտակվել կենդանի օրգանիզմներում եւ շրջակա միջավայրում։
 
Հույսը սպառողի հետեւողականությունն է
 
Խաղալիքներ ներմուծելուց հետո, ըստ գործող օրենսդրության, տնտեսվարողները պարտավոր են ապրանքները փորձաքննության տանել, եթե իհարկե ԵԱՏՄ տարածքում հավաստագրված որեւէ լաբորատորիայում փորձաքննություն չի անցել, ստանալ սերտիֆիկատ եւ անհրաժեշտության դեպքում դա ցույց տալ վերահսկող մարմնին եւ, ասենք, գնորդներին։ Տնտեսվարողների մի մասը դա չի անում, քանի որ հավելյալ ծախս է։
 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը համարում է, որ տեսչական մարմինն իր գործն անում է առավելագույնս արդյունավետ, իսկ ահա մարդկանց մտածելակերպը փոխելը երկար ժամանակ է պահանջում: Պաշտոնյան նկատի ունի, որ սպառողներն էլ պետք է նախաձեռնող լինեն, ստուգեն՝ ապրանքը փորձաքննություն անցել է, թե` ոչ:
 
 
Լեւոն Խալիկյանը
 
«Շուկան բարձիթողի չէ: Բայց պետք է գնորդները, ծնողները, համոզված լինելու համար, որ իրենց երեխան չի թունավորվի, խաղալիք գնելիս խանութում պահանջեն ցույց տալ տվյալ ապրանքի սերտիֆիկատը: Ուրիշ ոչինչ պետք չէ: Դա միակ փաստաթուղթն է, որով կարելի է որոշել՝ տվյալ խաղալիքն անցե՞լ է բոլոր համապատասխան ստուգումները, անվտա՞նգ է, թե՞ որոշ ռիսկեր է պարունակում:
 
Այդ մշակույթը պետք է ձեւավորվի սպառողի մոտ: Չինական խաղալիքների խնդիրը լուծել՝ ամբողջ աշխարհում չի հաջողվում: Հիմնականում ոչ մասնագիտացված խանութները, գերշահույթներ ապահովելու նպատակով, բերում են էժան, չսերտիֆիկացված խաղալիքներ: Հատկապես տոնական շրջանում: Այդքանը անհնար է վերահսկել: Պետք է սպառողն օգնի մեզ»:
 
Հարցին՝ ինչո՞ւ այդ ամենը հնարավոր չէ վերահսկել սահմանին, ներմուծման ժամանակ, Խալիկյանը պատասխանեց․ «Մոտ 10 տարի առաջ տնտեսվարող սուբյեկտները խնդիր բարձրացրին, որ մինչեւ սահմանին փաստաթղթերը ձեւակերպվում է, մեքենաները 1-2 օր կանգնած են մնում, ապրանքը մնում է, իրենք վնաս են կրում եւ այլն: Որոշվեց տնտեսվարողների բեռը թեթեւացնելու համար, այդ ողջ գործընթացն իրականացնել ներմուծումից հետո: Իսկ շուկայի վերահսկողական մարմինը պետք է ստուգի՝ արդյո՞ք գործընթացներն անցել են, թե ոչ: Բայց եկեք անկեղծ խոսենք. միշտ Ամանորից առաջ, մանդարինի հարեւանությամբ խաղալիքներ են վաճառում, միշտ ավտոյուղերի կողքը տոնածառի խաղալիք են վաճառում: Պետք է սպառողը պատահական վայրերից խաղալիք չգնի: Սպառողը պետք է կարողանա ընտրել: Մենք հացը չենք կարող բենզալցակայանից գնել, ճի՞շտ է: Բայց խաղալիք գնում ենք, եւ ամաչում ենք հարցնել՝ խաղալիքը փորձաքննություն անցել է, թե` ոչ:
 
Դուք բարձրացնում եք մի խնդիր, որը ոչ մի երկիր չի կարողանում լուծել՝ չինական ապրանքների տարածումը: Բայց այն երկրներում, որտեղ սպառողը հաշվի է առնում ամեն ինչ, բնականոն ձեւով այդ խաղալիքները դուրս են մնացել շուկայից: Մարդիկ պետք է հասկանան՝ ավելի լավ է կանխարգելեն, քան հետո երեխայի բուժման վրա գումարներ ծախսեն»:
 
«Սաս»-ի եւ «Մեգա Թոյս»-ի խաղալիքները՝ կասկածելի ու ռիսկային
 
Հաճախ խաղալիքներն առանց փորձաքննելու են վաճառում մասնագիտացված խանութները։
 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է կատարել խաղալիքների ներկրում եւ վաճառք իրականացնող ութ ընկերություններում, որից յոթի մոտ խախտումներ են հայտնաբերվել եւ վարչական վարույթ հարուցվել։
 
Խաղալիքներ ներմուծող եւ իրացնող «Ոստանիկ հայրենյաց» ՍՊԸ-ն, ինչպես պարզել է տեսչական մարմինը, խաղալիքներն իրացրել է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի եւ մակնշման, տուգանվել 500 հազար դրամով։ Այս ընկերությունը նաեւ մաքսանենգության փորձով է հայտնի։ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում գրանցված այս ընկերությունը տարիներ առաջ փորձ էր արել 100 լուսանկարչական ապարատ եւ տարբեր տնտեսական ապրանքներ ներմուծել Արաբական Միացյալ Էմիրություններից` առանց հայտարարագրելու։
 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 200 հազարական դրամով տուգանել է «Էնդի», «Տունտունիկ» եւ «Ադել» ՍՊԸ-ներին, որոնք նույնպես խաղալիքներ են իրացրել առանց սերտիֆիկատի։
 
Նույն պատճառով «Ռոյալ Գլաս» եւ «Մեգա Թոյս» ընկերությունները տուգանվել են 150 հազարական դրամով։ Ամենաբարձր վարչական տույժը կիրառվել է «Սաս գրուպ» ընկերության նկատմամբ՝ 600 հազար դրամ։ «Սաս» սուպերմարկետում ստուգվել են խաղալիքներ, լվացող, մաքրող միջոցներ, ցածրավոլտ սարքավորումներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք եւ պարզվել, որ ապրանքների մի մասը, այդ թվում՝ խաղալիքները, վաճառվում են առանց սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման։
 
Ստուգված ընկերություններից միայն մեկում՝ «Ֆարմ Սերվիս» ՍՊԸ-ում, խախտումներ չեն հայտնաբերվել։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից