Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է

Այս հրեշավոր օրենքի նախագիծը հակասում է նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը

31-10-2017 16:48:31   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
Սպառնալիքի տակ են նաև մեր ազգային ինքնությունը, հայապահպանությունը, իրավունքի գերակայությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը, առողջ ապրելակերպը, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքը…
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության  3, 16, 23, 31, 36, 60, 61, 66, 79-րդ հոդվածներին, այլև ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» (այսուհետ նաև` Ռազմավարություն) կոչված փաստաթղթին:
Վերոնշյալ փաստաթղթի համաձայն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է: Ռազմավարությունը մասնավորապես հակասում է տվյալ փաստաթղթով ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներից մեկը համարված իրավունքի գերակայության ապահովմանը, 1-ին հոդվածով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներ ամրագրված հայապահպանությանը, բարեկեցությանը, պետության և ժողովրդի պաշտպանվածությանը, անկախությանը: Հիմնարար արժեքներից հայապահպանության համաձայն, «Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը», մինչդեռ ընտանիքաքանդ հիշյալ օրենքի ընդունմամբ խոչընդոտվելու կամ սահմանափակվելու են երեխային դաստիարակելու ծնողի սահմանադրական իրավունքն ու պարտականությունը, ինչը մեր ազգային ինքնության բաղկացուցիչներից է:
Հիմնարար արժեքներից բարեկեցության համաձայն, որպես ՀՀ նպատակ, նշված է բնակչության համար կյանքի բարձր որակի ապահովումը: Մինչդեռ, հիշյալ օրենքի ընդունումից հետո երբ ոստիկանին իրավունք ու հնարավորություն կտրվի ընտանեկան բռնության վերաբերյալ ենթադրության հիման վրա մեզանից յուրաքանչյուրին մինչև 20 օրով արտաքսել իր իսկ բնակարանից ու նույնիսկ 100 մետրից ավելի մոտ չթողնել (նախագծի 17-րդ և 4-րդ հոդվածներ), կամ երբ ենթադրության հիման անհապաղ միջամտության որոշման կայացումից հետո աջակցության մարմինը կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը իրավունք և ոստիկանի աջակցությամբ հնարավորություն կստանան ծնողներից խլել ու մինչև 20 օրով անհայտ վայրում գտնվող ինչ-որ ապաստարան տանել նրա երեխային (նախագծի 17, 4, 8, 11, 12-րդ հոդվածներ), կյանքի բարձր որակի հետքն անգամ չի մնա, դրա մասին նույնիսկ խոսելն անհեթեթ կլինի: Ո՞վ է ասում, թե կյանքի բարձր որակը միայն լավ ուտելն և լավ հագնվելն է, թեև ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունը դրանից էլ է զրկված:
Ռազմավարության 1-ին հոդվածով ազգային անվտանգության հիմնարար արժեք է նշված նաև անկախությունը, իսկ դրան ծառայող գործոնների ու գործողությունների թվում նաև` մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը, ինչին հիշյալ օրենքի նախագիծը նույնպես հակասում է: Վերջինս հակասում է նաև Ռազմավարության 2-րդ հոդվածում որպես պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում նշված հիմնարար արժեքին ծառայող գործոն ու գործողություն համարվող ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
Ռազմավարության 3-րդ հոդվածի համաձայն, «Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են՝ պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը»: Ընդգծենք, որ հիշյալ օրենքի ընդունումը և կիրառումը կլինի հենց այդպիսի գործողություն:
Նույն հոդվածով ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիքների թվում նշված է նաև բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը: Ըստ այդմ, «Հասարակության և անհատի բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքում և շարունակվի կրթության բոլոր մակարդակներում: Պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը և ազգային ինքնության աղավաղումը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար»: Ըստ էության, ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքը հենց սկզբնական օղակում` ընտանիքում, խոչընդոտելու է անհատի, բնականաբար նաև անհատներից բաղկացած հասարակության բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակությանը, մասնավորապես` պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակությանը, այսպիսով հենց ինքն էլ, վերոնշյալների անբավարար մակարդակի հետ միասին, լինելու է սպառնալիք մեր ազգային անվտանգության համար: Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր ընտանիքաքանդ օրենքի նախագծի շուրջ ծավալվող բանավեճերի շրջանակում բարբաջում էին, թե ի՞նչ ընտանիքի ավանդական դեր, ի՞նչ ավանդական ընտանիք, թող բարի լինեն ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության 3-րդ հոդվածին:
Ոմանց մոտ կարող է հարց առաջանալ, թե հիշյալ օրենքն ինչպե՞ս է խոչընդոտելու է պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակությանը: Սկսենք վերջինից. ընտանիքի ավանդական դերը նշանակում է նաև ընտանիքի դերն իր անչափահաս անդամների դաստիարակության գործում: Հատկապես ծնողներն իրենց երեխաների բարոյահոգեբանական և ֆիզիկական առողջ դաստիարակության համար դերակատարում, իրավունքներ ու պարտականություններ ունեն, որոնք հիշյալ օրենքի ընդունումից հետո բազմաթիվ դեպքերում, նախ, չեն կարողանալու կատարել: Երկրորդ. ծնողներն այլևս չեն կարողանալու երեխաների մոտ դաստիարակել իրենց այդ ավանդական դերն ընդունող և, ընդհանրապես, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ համապատասխան վերաբերմունք:
Ինչպես նշեցինք, Ռազմավարության համաձայն, ազգային ինքնության աղավաղումը նույնպես ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիքների թվում է: Մինչդեռ, ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքը նաև աղավաղելու է մեր ազգային ինքնությունը` ամուսնուն և երեխայի հորը զրկելով ընտանիքի ղեկավարի իր ավանդական դերից, որը հազարամյակներով բնորոշ է հայ ընտանիքներին ու ժողովրդին, մեր ազգային ինքնությանը: Ավելին. այն ընտանիքներում, որտեղ ղեկավարը մայրն է, նույնիսկ մորն է զրկելու ընտանիքում իր ղեկավար դերից, ընտանիքը վերածելու է դեպի կործանում գնացող անղեկավար մի խառնամբոխի, երբ ծնողն այլևս չի կարողանալու իր երեխայի դաստիարակության կամ նրա համար բարոյահոգևոր կամ ֆիզիկական առումով վտանգավոր ինչ-որ բան կանխելու համար, հարկ եղած դեպքում, օրինակ, ապտակել նրան, ականջը ձգել, անկյուն կանգնեցնել, կսմթել կամ բարկանալ ու գոռալ նրա վրա, չի կարողանալու նաև նրան արգելել ինչ-որ բան անելը կամ ինչ-որ տեղ գնալը:
Ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքի ընդունումից հետո ինչպե՞ս է խոչընդոտվելու առողջ ապրելակերպի դաստիարակությունը, որի անբավարար մակարդակը նույնպես Ռազմավարությամբ համարված է ազգային անվտանգության դեմ ուղղված ներքին սպառնալիք: Շատ պարզ: Օրինակ, պատկերացրեք, որ ձեր դեռահաս, պատանեկան տարիքում գտնվող աղջիկը կամ տղան ցանկանում է գնալ գիշերային ակումբ, կամ ցանկանում է տանից դուրս գալ ծխելու համար, կամ ձեր, ասենք, 16-17-ամյա տղան տանից դուրս է գալիս մարմնավաճառի ծառայությունից օգտվելու կամ կազինոյում խաղամոլությանը տրվելու համար, և ձեզ նախապես հայտնի է դարձել այդ մասին: Այսպիսի բոլոր դեպքերում իրավունք չեք ունենալու գործուն կերպով արգելել նրան իր ուզածն անել, քանի որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում նրան ազատությունից ապօրինի զրկելը (տանից դուրս չթողնելը) համարվելու է ֆիզիկական բռնություն (նախագծի 3-րդ հոդված), որի համար նախագծի 16-րդ հոդվածի համաձայն, ձեր նկատմամբ կայացվելու է բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացում, իսկ դրանից հետո ոստիկանը 17-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կարգով կայացնելու է անհապաղ միջամտության որոշում նույնիսկ այն դեպքում, երբ ընդամենը հիմնավոր ենթադրություն կա, որ կարող եք այդպիսի կամ այլ բռնություն կատարել, այդ թվում նաև` պարզապես սպառնալ ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելով (նախագծի 3-րդ հոդվածով դա նույնպես հոգեբանական բռնություն է համարված):
Անկախ ոստիկանի կողմից անհապաղ միջամտության որոշման կայացումից, 19-րդ հոդվածի համաձայն, դատարանի կողմից էլ կարող է կայացվել պաշտպանական որոշում, որով դատարանը ձեզ կարող է հարկադրել անհապաղ և մինչև 9 ամսով հեռանալ այն բնակարանից, որտեղ ապրում եք, և արգելել այնտեղ ձեր վերադարձը կամ նույնիսկ 100 մետրից ավելի մոտենալը: Այդպիսի դեպքերում դատարանը կարող է նաև որոշում կայացնել ձեր երեխային անհայտ վայրում գտնվող ապաստարան տեղափոխելու վերաբերյալ (իր համաձայնության պարագայում), որտեղ նա կարող է մնալ մինչև 9 ամիս:
Պաշտոնական նախազգուշացումից հետո ձեր նկատմամբ անհապաղ միջամտության որոշում է կայացվելու նաև այն դեպքերում, երբ, օրինակ, հիմնավոր ենթադրություն կա, որ շաքարային դիաբետով հիվանդ կամ գիրանալու հակում ունեցող ձեր երեխային նրա առողջությունը վնասից զերծ պահելու դիտավորությամբ զրկել եք, ասենք, Կոկա-կոլայից, սպիտակ հացից կամ քաղցրավենիքից (սննդից), ինչը օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով համարված է տնտեսական բռնություն:
Ավելին. օրենքի ընդունումից հետո եթե ձեր անչափահաս երեխային տեսնեք տանը ծխելիս կամ հարբելիս, այլևս իրավունք չեք ունենալու նրան ապտակել, ականջը ձգել կամ նույնիսկ գոռալ նրա վրա, որովհետև դրանցից առաջին երկուսը համարվելու են ֆիզիկական բռնություն, իսկ երրորդը կարող է համարվել հոգեբանական բռնություն: Իրավունք չեք ունենալու ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու նույնիսկ սպառնալիք տալ, օրինակ, ապտակելու կամ իր պես ծխող ընկերների հետ հանդիպման գնալն արգելելու սպառնալիք, որովհետև դրանք կարող են համարվել օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հոգեբանական բռնություն, ինչից հետո նույնպես կայացվելու է պաշտոնական նախազգուշացում, ապա բռնության կամ բռնության սպառնալիքի լինելու վերաբերյալ հիմնավոր ենթադրության դեպքում ու դրա հիման վրա` անհապաղ միջամտության որոշում: Թե ինչ ասել է նախագծի 4-րդ հոդվածում նշված անձի ֆիզիկական, սեռական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնասի սպառնալիքի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն, օրենքի ամբողջ նախագծում որևէ տեղ նշված չէ, ինչը նույնպես, ինչպես արդեն նշել ենք նախագծի վերաբերյալ նախորդ հոդվածներից մեկում, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի խախտում է: 
Ավելին. վերոնշյալ և այլ դեպքերում պաշտոնական նախազգուշացման որոշումից հետո դատարանն էլ, իր հերթին, կարող է կայացնել ավելի դաժան բնույթ ունեցող պաշտպանական որոշում նույնիսկ այն պարագայում, երբ անձը, ում նկատմամբ ոստիկանը կայացրել է պաշտոնական նախազգուշացման որոշում ու նրան դրանով իսկ տրվել է «ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձ» իրավական կարգավիճակ, նախազգուշացումից հետո իր ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, ընդգծում ենք, բացարձակապես ոչինչ չի արել:
Անդրադառնանք նաև այն հարցին, թե հիշյալ օրենքն ինչպե՞ս է խոչընդոտելու պետականության հանդեպ պատշաճ հարգանքի դաստիարակությանը, որի անբավարար մակարդակը նույնպես Ռազմավարությամբ համարված է մեր ազգային անվտանգության ներքին սպառնալիքներից մեկը: Պատկերացրեք, որ ձեր, ասենք, 16-17-ամյա երեխան ցանկանում է հաճախել «Եհովայի վկաներ» քայքայիչ և ամբողջատիրական աղանդի հավաքին, որը պետականության հանդեպ ոչ թե պատշաճ հարգանքի, այլ ընդհանրապես հարգանքի բացակայությամբ է դաստիարակում իր անդամներին ու հետևորդներին, թունավորում նրանց ուղեղները, բանակում հայրենիքի պաշտպանությանը ծառայելը համարում անընդունելի, մերժելի: Իմանալով այդ մասին, դուք, շատ հնարավոր է, ցանկանաք նրան արգելել գնալ այդ հավաքին` ձեր հորդորը, պահանջն անտեսելու դեպքում` ֆիզիկապես կամ տան դուռը փակելով, սակայն դրա իրավունքը չեք ունենալու, քանի որ դա, եթե ընտանիքաքանդ հիշյալ օրենքի նախագիծը վերածվեց օրենքի, 3-րդ հոդվածով համարվելու է ֆիզիկական բռնություն (ազատությունից ապօրինի զրկել):
Ռազմավարությամբ  ազգային անվտանգության ներքին սպառնալիք են համարված նաև ժողովրդագրական բացասական միտումները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունը որպես իր ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ցածր ծնելիությունը, չկառավարվող արտագաղթը: Ընտանիքաքանդ և ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքի ընդունումից հետո ժողովրդագրական բացասական միտումներն էլ ավելի են սաստկանալու` խթանվելու է արտագաղթը, էապես ավելանալու են ամուսնալուծությունները և էապես նվազելու ամուսնությունները, բնականաբար հանգեցնելով երկրում ցածր ծնելիության, ինչն էլ հենց մեր արտաքին ու ներքին թշնամիների ուզածն է: 
Հիշյալ օրենքի ընդունումը հակասում է նաև Ռազմավարության 2-րդ բաժնում կամ գլխում ամրագրված այն հավաստմանը, որ «Բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով»: Ռազմավարության համաձայն, կյանքի նոր որակ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական քաղաքականությունը միտված է նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Նույն փաստաթղթի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ազգային ավանդույթների պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հայ ժողովրդի բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը: Որպես արդյունավետ պետական կառավարման նպատակ, ամրագրված է նաև մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մինչդեռ հիշյալ օրենքի ընդունումը վերը նշվածներին նույնպես հակասում է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին