«Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու». Արման Սահակյան

16-10-2017 11:20:49   | Հայաստան  |  Սպորտ
 


Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի՝ երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Էդգարն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների` նման կարգի մրցաշարերի եւ վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ մեր  հեծանվորդին՝ մասնակցելու աշխարհի 2018թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին  Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի ջանքերով Էդգար Ստեփանյանը պատշաճ ուսումնամարզական հավաք է անցկացրել, ապահովվել անհրաժեշտ գույքով:
 
  «Էդգար Ստեփանյանն ունակ է  Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու: Նախապատրաստական փուլում, վերջին շրջանում կայացած մրցաշարերում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Էդգարը լավ մարզավիճակում է և կարող է նոր հաղթանակներ գրանցել: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ համատեղ հստակ ծրագիր ունենք նաեւ 2018 թվականի համար. անհրաժեշտ ամեն  ինչ կարվի՝ մրցաշարերին մեր մարզիկի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար»,- կարևոր մրցաշարից առաջ  վստահություն է հայտնել Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Հավելենք, որ Էդգար Ստեփանյանին առաջիկա մրցաշարերին նախապատրաստել է անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը, որն էլ կուղեկցի նրան Եվրոպայում:      
 
 
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիա
 
 
16.10.17, Երևան
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից