Ցանցացատկ մարզաձեւը Հայաստանում աջակցության կարիք ունի

13-10-2017 20:07:03   | Հայաստան  |  Սպորտ
«Ցանցացատկն օլիմպիական մարզաձեւ է եւ մենք աջակցության կարիք ենք զգում: Կցանկանայի խնդրանքով դիմել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Եթե պետական կառույցը մեզ ընդառաջ գնա եւ օգնության ձեռք մեկնի, անգամ՝ ոչ մեծ, մեր մարզիկները բարձր արդյունք ցույց կտան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը:
 


Այս օրերին Ֆահրադյանի հրավերով Երեւանում են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը եւ Կրասնոդարի երկրամասի ՄՊՄԴ ավագ մարզիչ Յուրի Ասլանյանը: ՀՑՖ-ն արդեն մի քանի տարի է համագործակցում է ռուս գործընկերների հետ, իսկ մեր մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցում Կրասնոդարի երկրամասում, որը ՌԴ-ում ցանցացատկի գլխավոր կենտրոններից է: Մեր պատանի մարզիկների առաջընթացն ակնհայտ է: Այս տարի նվաճվել է միանգամից տասը մեդալ:
 
Հայկական եւ ռուսական կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը: Արմատներով Հայաստանից Յուրի Ասլանյանը հաճախ է հայրենիք այցելում եւ մարզական գործընթացում ցուցաբերում է մեծ օգնություն:
 
«Այստեղ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, չնայած ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին, հասնում են հաջողությունների: Այսօր արդեն մոտ 200 երեխա Երեւանում զբաղվում է ցանցացատկով: Նրանք հետագայում էլ աճելու մեծ ցանկություն ունեն, այդ պատճառով Հայաստանում մեր մարզաձեւի լավ հեռանկարներ եմ տեսնում»,-ասաց Յուրի Ասլանյանը:
 
Ալեքսեյ Ռիժկովն առաջին անգամ է Հայաստանում.
 
«Անկեղծ ասած, մարզական գույքի հետ կապված իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ: Ցանցացատկը բարդ մարզաձեւ է, որը պահանջում է շարժումների լավ կորդինացիա: Գոյություն ունեն մարզումների անվտանգ անցկացման հատուկ պահաջներ: Տեղի ֆեդերացիայի ղեկավարության ջանքերի շնորհիվ թեկուզ եւ համեստ մակարդակով, բայց ինչ-որ բան արվում է: Առաջին տարին չէ, որ Կրասնոդարում անցկացվող մրցաշարերում տեսնում եմ ձեր մարզիկների արդյունքները: Առաջընթացն ակնհայտ է, կեցցեն»,- նշեց Ռուսաստանի հավաքականի մարզիչը՝ հույս հայտնելով, որ համատեղ մրցումներ, այդ թվում Հայաստանի տարածքում, ավելի հաճախ կկազմակերպվեն:
 
Ցանցացատկը չի ստանում պետական ֆինասնավորում.
 
«Այսօր մենք ինքներս ենք հոգում մեր ծախսերը, օգնում են ծնողները, բայց այդպես չի կարող շարունակվել: Մենք շատ բան չենք ուզում, բավական է, որ 1-2 մարզիկ կարողանա մասնակցել միջազգային հավաքների եւ մրցումների»,- ասաց ՀՑՖ նախագահը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից