Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարարի հետ

13-10-2017 19:09:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։
 
Ողջունելով հյուրին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և, բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները, ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը:
«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեր կարևոր ուղղություններից է, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը` նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել է, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին փոխադարձաբար իր ողջույններն է փոխանցել Սերգեյ Սոբյանինին՝ սրտանց հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան` մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին: 
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև հարցեր Մոսկվայում նախատեսված Երևանի օրերի անցկացման հետ կապված:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից