Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

13-10-2017 17:24:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին:
 
Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը:
 
Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ:
 
Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության  փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման,  անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով: 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել  աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ  ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:
 
Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են  մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը:
 
Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի  այցը մի շարք վերամշակող ընկերություններ: 
 
 
 
  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից