Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպմանը

22-09-2017 19:44:46   | Էստոնիա  |  Մամլո հաղորդագրություն
«Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
 

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերների, ԵՄ խորհրդարանի նախագահության եռյակի (Էստոնիա, Բուլղարիա և Ավստրիա), Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
 
Նախարարական հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային բարեփոխումների հիմնական աղաքականությունների առաջընթացին, խոչընդոտներին, ճանապարհային անվտանգության խնդիրների համար ավելի սերտ համագործակցությանն ու ֆինանսական աջակցությանը, ԵՄ-Չինաստան կապող հարթակի շրջանակներում հնարավոր համագործակցությանը, ավելի մաքուր տրանսպորտի ֆինանսավորմանը:
 
Ներկայացվել են հաջողության հասած տրանսպորտային ֆինանսավորման ծրագրերը, մասնավոր հատվածների միջև փորձի փոխանակման ուղղությունները:
 
Քննարկվել են տրանսպորտային, սահմանային ծրագրերին, դրանց ֆինանսավորմանն ու կառավարմանը, ներդրումային քաղաքականության մշակմանը, ցածր արտանետումների ապահովմանը, տրանսպորտային առաջնային ծրագրերի զարգացման աջակցությանը վերաբերող և օրակարգային մի շարք այլ հարցեր։
 
Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդարանի Էստոնիայի նախագահության կողմից։ Այն հաջորդում է Սոֆիայի տարածաշրջանային ներդրումային կոնֆերանսին 
և նպատակ ունի աջակցելու Արևելյան գործընկեր երկրների «TEN-T» միջանցքների ընդլայնմանը, հասնելու ԵՄ-ի տրանսպորտային գործառնական չափանիշներն ու քաղաքականություն միավորելուն:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից