ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

22-09-2017 18:54:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: 
 
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և ռազմական գերատեսչությունների միջև առկա ավանդական գործնական կապերը, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական և փորձագիտական աջակցության և այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարևորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների և զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում:  
Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից