1000 գյուղի փրկությունը՝ Սփյուռքի ներդրման շնորհիվ

22-09-2017 18:47:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«20 ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար: Կան մեծահարուստ հայեր, ում գրպանի համար սա մեծ գումար չէ, բայց  այդ 200  միլիոնը կարող է գյուղերի հայության փրկությունը լինել»։ 
 

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը ելույթ է ունեցել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում։ 
 
Անդրադառնալով Հիմնադրամի 13-ամյա գործունեությանը՝ դոկտոր Արմենը նշել է, որ գյուղերում COAF-ի գործունեությունն ինքնանպատակ չէ։ Նկատելով, որ երեխաները շատ բարձր ունակություններ ունեն, բայց չունեն ռեսուրսներ, Հիմնադրամը երեխաների համար մուտք ապահովեց այդ ռեսուրսներին։ 44 գյուղում բարձր արդյունավետությամբ աշխատելով՝ այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանայել է ռազմավարությունը. պետք է գործը հասցնել Հայաստանի բոլոր 1000 գյուղեր։ 
 
Նպատակը մեկն է՝ արագացնել գիտելիքի փոխանցումն ու կրթություն ապահովել տարբեր ոլորտներում, որ թափ առնի գյուղական համայնքների առաջընթացը։ 
 
«Նոր մոդել ենք ստեղծել, որ կոչվում է ՍՄԱՐԹ։ Աշխատասիրությունը բավական չէ. պետք է խելացի ձևով աշխատենք։ Հենց այդ նպատակով է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով ուզում ենք հասնել բոլոր գյուղեր»։
 
Գարո Արմենը համոզված է, որ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը կարող է լինել գյուղում աճող սերնդի փրկությունը։ «Հաջողելու համար մի քանի բանի կարիք կա. գումարը կարևոր է։ Բացի այդ, մենք պետք է տարածենք աշխարհում բոլոր բնագավառներում լավագույնը՝ կրթություն, ուսում, առողջապահություն և այլն։ Ոչ միայն հայկական լավագույնը, այլև համաշխարհային։ Սա է զարգացումը։ Դյուրին գործ չէ, բայց հնարավոր է»։ 
 
 
*  *  *
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները: 
 
2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից