Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է

22-09-2017 18:36:08   | Արմավիրի մարզ  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. հայտարարվել է հետախուզում:
 


Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել են Համբարձումյան եղբայրները։ Եղբայրներից մեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ մյուսի առողջությանը՝ թեթև:
 
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում։ Եղբայրները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
 
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ ծնված 1999 թվականին, լուսանկարով կատարվել է ճանաչում:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի   112-րդ հոդված 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից