Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը

22-09-2017 18:23:24   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
 
Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը եւ Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման եւ հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ դա մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախեւառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող եւ ընտանիքի մաս եւ հետեւաբար չէր կարող զերծ մնալ նման կարեւոր համաժողովին մասնակցությունից եւ քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարեւորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
 
Արմեն Աշոտյանը նաեւ անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության եւ սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին եւ նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
 
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին եւ առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների եւ մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական եւ կրոնական տարբերություններից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ եւ քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետեւանքները կունենա ողջ տարածաշրջանի համար:
 
Պարոն Աշոտյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձեւավորման խնդիրներին եւ հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:
 
Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել նաեւ Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության եւ ատելության քարոզչությունն Ադրբեջանում: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից