Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

22-09-2017 18:20:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
 
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն սկիզբ է առել 1988 թվականից:
 
Արա Բաբլոյանը հպարտությամբ նշել է, որ ՀՕՖ-ի հետ համագործակցում է դեռեւս նրա ձեւավորման տարիներից: 
 
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը:
 
ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
 
Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով եւ շարունակաբար իրականացված ծրագրերի համար, որոնց շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, կանխարգելվել բազմաթիվ հիվանդություններ:
 
Արա Բաբլոյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության եւ այլ ոլորտների: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից