Հիմնադրման օրվանից Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում փրկել են շուրջ 6000 կնոջ կյանք (տեսանյութ)

Հայաստանում և տարածաշրջանում իր տեսակով եզակի առողջության կենտրոնը դարձավ 20 տարեկան



22-09-2017 16:28:19   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստանում և տարածաշրջանում իր տեսակով եզակի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը (ՀԱԱԿ) 20 տարեկան է: 
Ինչպես հոբելյանական միջոցառման ժամանակ նկատեց կենտրոնի համահիմնադիր, Հայ-Ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանը, ՀԱԱԿ-ը դարձել է ՀՀ-ում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը, որտեղ փրկել են շուրջ 6000 կնոջ կյանք: 
 
«20 տարի առաջ, երբ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար Հայ-Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիան (ՀԱՄԱ) հանձն առավ ձեռք առնել որոշակի քայլեր, ես երբեք չէի կարող պատկերացնել, թե այդ փոքր նախագիծն այսքան կընդլայնվի: Մենք ի սկզբանե նախատեսել էինք Հայաստան ուղարկել միայն մեկ Մամոգրաֆ և դրանով սահմանափակել ծրագիրը, բայց պարզվեց, որ դա միայն սկիզբն էր»,- վերհիշեց նա` հավելելով, որ այս տարիների ընթացքում ամեն անգամ փրկելով մեկ մոր կյանք՝ փրկվում է մի ամբողջ ընտանիք, հետևաբար մի ամբողջ ազգ:
 
Ռ. Պալեանի խոսքերով` իր վաղամեռիկ ամուսնու` Վարդգես Պալեանի, և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցությամբ հիմնադրված առողջության կենտրոնն այսօր զինված է բժշկական նորագույն սարքավորումներով և տեխնիկայով, թվայնացված շերտագրող Մամոգրաֆիկ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանն օգտվել ամենավերջին բժշկական նորամուծություններից:  
 
«Մեր նպատակն էր ստեղծել թափանցիկ, հաշվետու և այցլելուների նկատմամբ հարգանքով լի բժշկական հաստատություն, որը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց ու երեխաներին կշարունակի մատուցել որակյալ բժշկական ծառայություններ»,- փաստեց ՀԱԱԿ-ի համահիմնադիրը` ընդգծելով, որ հպարտ է սեփական հայրենիքին այս կերպ օգտակար լինելու համար: 
 
Իր հերթին ՀՀ Սփյուռքի նախարար, ՀԱԱԿ համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս կենտրոնը Հայաստան-Սփյուռք ամուր կապի և համագործակցության լավագույն վկայությունն է: 
 
«Ուզում եմ առանձնացնել այս կենտրոնի կարևորագույն գործերից մեկը` արտագնա հետազոտությունների կազմակերպումը: Քանի որ բնակչության շրջանում մենք ունենք անապահով խավեր, որոնք հնարավորություն չունեն հասնել Երևան և նույնիսկ տեղյակ չեն կրծքագեղձի հետազոտություններից, ապա մեր բժիշկները սիրով հասնում են հանրապետության ամենահեռավոր ծայրամասեր և կատարում համապատասխան հետազոտություններ»,- տեղեկացրեց նախարարը` շեշտելով, որ ՀԱԱԿ-ի մասնագետների եզրակացությունների հետ հաշվի են նստում ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան մասնագետները:
 
ՀԱԱԿ-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի փոխանցմամբ` գործունեության երկու տասնյակ տարիների ընթացքում այս կենտրոնում գրանցված 404 հազար այցելուներին մատուցվել է ավելի քան 513 հազար հետազոտություն, կատարվել է 229 հազար կրցքագեղձի քաղցկեղի հետազոտություն: Այստեղ հետազոտվել է նաև 1463 տղամարդ, որոնցից 49-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի օրական այցելուների թիվը 150-200 մարդ է: Կան այցելուներ նաև Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, և այլ երկրներից:
 
ՀԱԱԿ-ում մատուցվում են ռադիոլոգիական, ճառագայթային ախտորոշման, գինեկոլոգիական, ուրոլոգիական,  ընտանեկան բժշկի և էնդոկրինոլոգիական, լաբորատոր, ատամնաբուժական, վիրահատական, վերականգնողական ծառայություններ, ինչպես նաև դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից