Ես չեմ մասնակցում ձևական անկախության կեղծ տոնին

Տոն, որը մեզ հետ չէ

21-09-2017 20:29:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է, ՀՀ անկախության հռչակման 26-ամյակը: Ես այն չեմ տոնում, իմ հոգում տոն չէ: Ներկայիս անկախությունը ձևական է, կեղծ, հետևաբար կեղծ է նաև Անկախության տոնը: Ով ուզում է կեղծ տոնին մասնակցել ու շնորհավորել մեկմեկու, թող մասնակցի, ուրեմն կամ չի գիտակցում մեր անկախության ձևական լինելը, կամ էլ գիտակցելով է այդպես վարվում: Ես կեղծիքին մասնակից չեմ:
Վստահ եմ, որ պետության կամ իշխանավորների կողմից հռչակված այդ տոնից անմասն են նաև մեր երկրի բնակիչներից շատ-շատերը, թերևս մեծամասնությունը: Նրանց հոգում էլ տոն, աչքերում ուրախություն չեմ տեսնում: Իհարկե, ոչ թե այն պատճառով, որ չգիտենք ու չենք գնահատում անկախության արժեքը, չենք գիտակցում նրա դերն ու նշանակությունը: Ցանկացած մարդ, թերևս բնականորեն, հասկանում ու գնահատում է այդ բարձր արժեքը, եթե նրա հոգում նստած չէ ստրուկը: Ինչպես անձի համար իր անհատական ազատությունը, այնպես էլ պետության ու նրա բնակիչների համար անկախությունը շա՜տ թանկ են ու կարևոր, բայց եկեք, նախ, անկեղծ լինենք` Հայաստանի Հանրապետությունն այսօր իսկապե՞ս անկախ է… Անկա՞խ էր, արդյոք, երեկ… Իհարկե՛ ոչ: Սա իմ ու, կարծում եմ, շատերի համոզմունքն է, որը, հարկ եղած դեպքում, կարելի է ապացուցել բազմաթիվ փաստերով, այդ թվում նաև` ՀՀ բնակչության վզին փաթաթված, կեղծիքներով ընդունված ՀՀ Սահմանադրության առանձին դրույթներով:
Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, կիսագաղութացված, կիսագաղութային վիճակում գտնվող պետություն է: Եթե Խորհրդային Միության տարիներին կախված էր միայն Կրեմլից, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյից, ապա այսօր կախված է և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոխորհրդից ու Եվրոմիությունից, և՛ Համաշխարհային բանկից, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամից ու Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, և՛ ԵԱՏՄ-ից, և՛, իհարկե, պաշտոնական Մոսկվայից: Ընդդիմախոսները գուցե փորձեն կոծկել այս իրողությունը, ասեն, թե բացարձակ անկախ երկրներ չկան, բայց սա կլինի դեմագոգիա, որովհետև թերևս բոլորս էլ հասկանում ենք տարբերությունը բացարձակ անկախության և անկախության այն շատ ցածր, գրեթե զրոյական աստիճանի, որն այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը:
Կարո՞ղ էր մեր պետությունը լինել անկախ: Իհարկե՛, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Բագրատյանի պաշտոնավարման տարիներին չկորցներ Խորհրդային Հայաստանի ունեցած բնակչությունը, մարդկային ու մասնագիտական ներուժը, չկորցներ այն տնտեսական հզորությունը, որը կորցրեց հանցավոր քաղաքականության հետևանքով ու սուբյեկտիվ պատճառներով, իսկ օբյեկտիվ պատճառներով (Խորհրդային Միության փլուզման, պատերազմի, շրջափակման) կորցրած տնտեսական կարողությունները փոխարիներ նորերով ու հետո դրանք ավելացներ:
Կարող էր մեր պետությունը լինել անկախ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Բագրատյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ բնակչության ահավոր մասշտաբների հասած արտագաղթից, երկրի տնտեսությանը պատճառված ավերից հետո, եթե նրանց հաջորդած նախագահների ու վարչապետների պաշտոնավարման  օրոք նախորդների թույլ տված սխալները չշարունակվեին, և ոչ միայն սխալները, այլև կադրային հանցավոր քաղաքականությունը, կոռուպցիան, նաև` քաղաքական ու համակարգային կոռուպցիան, ստվերը, սոցիալական անարդարությունը, հասարակության սոցիալական բևեռացումը, ոմանց հարստացումն ու գերհարստացումը հիմնականում բնակչության մեծամասնության աղքատացման հաշվին:
Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էլ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե նրա և նրան հաջորդած իշխանության շրջանում հասներ բավարար տնտեսական հզորության, եթե արտագաղթը չշարունակվեր, հակառակը` հայության ներգաղթ կազմակերպվեր կամ ներգաղթը գերազանցեր արտագաղթին (ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ընդամենը 1 տարի է այդպես եղել, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում արտագաղթը դարձյալ ահավոր մասշտաբների է հասել), եթե ճիշտ ու հմուտ դիվանագիտություն վարվեր, բացահայտվեին ու պատժվեին, գոնե պաշտոնանկ արվեին Հայաստանում գործող արտաքին ուժերի ազդեցության գործակալները, եթե իշխանությունները հասնեին հասարակության ներսում համերաշխության հաստատման կամ գոնե վերականգնեին Խորհրդային Հայաստանի շրջանում եղածը, կայացնեին Սփյուռքի հետ ազգային միասնությունը, եթե…
Բացի նրանից, որ ՀՀ ներկայիս անկախությունը ձևական է, այսօրվա տոնն էլ, նախորդ տարիների այսօրվա նման, մթագնված է մի շարք այլ, բայց դարձյալ կարևոր պատճառներով: Դրանց մի մասին, որոնք բոլորն էլ հետևանք են իշխանությունների վարած սխալ ու հանցավոր քաղաքականության, վերն արդեն անդրադարձա որպես իրական անկախությունից զրկված լինելու պատճառներ: Այնուամենայնիվ, թվարկեմ դրանք բոլորը մեկտեղ. հասարակության ներսում ահավոր նահանջ քրիստոնեական և ազգային բարոյահոգևոր արժեհամակարգից, նույնիսկ այն վիճակից, որ կար Խորհրդային Հայաստանի օրոք, դարձյալ ահավոր մասշտաբների հասած արտագաղթ, կոռուպցիա, այդ թվում նաև` իրավապահ ու դատական մարմիններում, ստվեր, կադրային հանցավոր քաղաքականություն, երկրի տնտեսության խեղճուկրակ, ողորմելի վիճակ, հասարակության մեծամասնության աղքատություն և ընչազրկություն, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, սոցիալական անարդարություն ու բևեռացում, հասարակության ներսում համերաշխության և, ընդհանրապես, ազգային միասնության բացակայություն, աղանդների և աղանդավորների ավելացում և աղանդավորության տարածում, նաև կրոնական հողի վրա հասարակության պառակտում, այլասերվածների ավելացում և այլասերվածության քարոզչություն, տարբեր պատճառներով մարդկանց չարացածություն, հոգնածություն, իր համար նույնիսկ ճակատագրորեն կարևոր խնդիրների նկատմամբ ահավոր անտարբերություն, առանձին արտոնյալների լկտիության հասնող սանձարձակություն, քրեածին ու հանցավոր խայտառակ իրավիճակ, քրեական «բեսպրեդել», ՀՀ բնակչության կողմից իշխանությունների հանդեպ հարգանքի ու վստահության գրեթե իսպառ բացակայություն (եթե նախագահը և վարչապետը սրան առարկում կամ կասկածում են, թող դերվիշի պես ծպտված մտնեն ժողովրդի մեջ ու հարցուփորձ անեն ՀՀ նախագահի ու վարչապետի մասին), արցախյան չլուծված հիմնախնդիր և իրար հաջորդող զոհեր, իրար հաջորդող ձախողումներ դիվանագիտական ասպարեզում և, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում, երկրի ապագայի հետ կապված որևէ լավատեսական հեռանկարի, սպասման, ակնկալության բացակայություն հասարակության, համենայն դեպս, գերակշիռ մեծամասնության մոտ (աղբանոց նետեք կեղծ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները և իշխանություններին քծնող հեռուստաընկերությունների և հեռուստալրագրողների պատրաստած շինծու ռեպորտաժները` պատրաստված հասարակության շրջանում իբր անաչառորեն կատարված հարցման հիման վրա): Ներող կլինեք, եթե ինչ-որ կարևոր պատճառ մոռացա ու չնշեցի: Բոլոր դեպքերում այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ՀՀ «անկախությունից» շահել են հիմնականում այս երկրի գողերն ու ավազակները, խարդախներն ու գցողները, փողկապավոր «գողականները», օլիգարխները, պետական բարձրաստիճան կոռումպացված չինովնիկները, տգետ, բայց վերադասին քծնող պաշտոնյաները, մի խոսքով, մեր ժողովրդի տականքը, իսկ գրեթե բոլոր նորմալ, ազնիվ, խելացի, բանիմաց, հայրենասեր մարդիկ տուժել են: Չգիտեմ` դո՞ւք էլ նույն տպավորությունն ունեք…
ՀՀ «անկախության» տարիներին մեր ամենամեծ կորուստները քրիստոնեական և ազգային բարոյահոգևոր արժեհամակարգից ահավոր նահանջն ու բնակչության արտագաղթն են, որն արդեն սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար (կարծում եմ, այսօր արդեն իսկ ունենք բանակի համալրման խնդիր, եթե նույնիսկ այսօր չունենք, ապա այսպես շարունակվելու դեպքում վաղը հաստատ ունենալու ենք): Արցախից բացի, մեր  ամենամեծ ձեռքբերումը, չնայած իր բոլոր թերություններին, բացերին, վատ կողմերին, Հայոց բանակն է` Հայաստանի Հանրապետության բանակն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը, երկուսն էլ` մեր զավակների և եղբայրների զոհաբերության գնով, մեր սպաների ու զինվորների հմտության ու խիզախության շնորհիվ հաղթական ու փառապանծ: Սակայն, եթե արտագաղթն այսպես շարունակվի, բանակը ոչ հեռավոր ապագայում էլ ունակ չի լինի պաշտպանել մեզ ու մեր երկիրը, ունակ էլ լինի, պաշտպանելու շատ բան չի լինի այլևս…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից