Ստեփանակերտում կրկին հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի. կժամանի նաև հնդիկ պարուհի.«Արցախպրես»

21-09-2017 19:56:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք:
 
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդես-վաճառքի կազմակերպման պատասխանատու, «Dreams» ընկերության տնօրեն Նավադ  Անսարին  ասել է, որ վաճառքում ձևավորվելու է շուրջ 25 տաղավար` 16 հնդիկ գործարարի մասնակցությամբ:
 
 
 
«Տաղավարներում ներկայացված է լինելու հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, անկողնային պարագաների, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի»,- ասել է Ն. Անսարին և հավելել, որ այն գործելու է մինչև հոկտեմբերի 3-ը:
 
Ն. Անսարին նշել է նաև, որ տարեցտարի արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ զգալի հետաքրքրություն է նկատվում:
 
«Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսի նորույթներից կլինի հնդիկ պարուհու և դհոլահարի ներկայացումները, ովքեր կփորձեն տոնական բարձր տրամադրություն հաղորդել մասնակիցներին ու այցելուներին, ինչպես նաև ցանկացողներին կսովորեցնեն հնդկական պարեր»,-տեղեկացրել է Ն. Անսարին:
 
Նշենք, որ հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է Ստեփանակերտի Տիգրան Մեծի 10 հասցեում (հարկային ծառայության շենքի հարևանությամբ):
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից