ՄԱԿ-ի ամբիոնից Ալիեւը խոստովանեց ամենակարեւորը. Մեկնաբան

21-09-2017 16:22:52   | Հայաստան  |  Հոդվածներ
ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը հիմնականում նվիրված էր Ղարաբաղի խնդրին, ավանդական շեշտադրումներով: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
 


Նա օրինակ է բերել ապրիլյան պատերազմը` նշելով, որ ադրբեջանական բանակին հաջողվել է որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին», ասել է նա:
 
Սակայն Ադրբեջանի նախագահի ելույթում առավել էական է միջազգային հանրությանն ուղղված դժգոհությունը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանն արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը և չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է», ասել է նա:
 
Այսպիսով, Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից մի կողմից փորձել է արդարացնել «պատերազմի իրավունքը», որը կորցրեց ապրիլյան ռազմագործողության արդյունքում, մյուս կողմից խոստովանել է ամենակարեւորը՝ միջազգային հանրության օրակարգում տարածքի խնդիր չկա:
 
ՄԱԿ-ում երեկ ելույթ էր ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը, ով Ղարաբաղի մասով ասել էր, որ Հայաստանը պնդում է կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների խնդրի առաջնահերթ լուծումը: Հայաստանը, սակայն, ամեն դեպքում չի բացառում տարածքների խնդրի քննարկումը, եթե կարգավիճակի հարցը լուծվի:
 
ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նախօրեին Երեւանում մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին վերագրվող հայտարարության կապակցությամբ: Ըստ դրա՝ Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկում է տարածքների վերադարձի խնդիրը: Մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ ոչ ոք ոչ մեկին տարածք վերադարձնելու հարց չի քննարկում: Իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն, իր հերթին, ասել էր, որ ԼՂՀ տարածքներն ամրագրված են Սահմանադրությամբ, այսինքն՝ դրանք վերադարձի ենթակա չեն:
 
Ի՞նչ են նշանակում այս ըստ էության իրարամերժ հայտարարությունները: Թերեւս՝ մի բան՝ կամ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում Ղարաբաղի խնդրում, կամ այդ դիրքորոշումն իրավիճակային է՝ կապված արտաքին կոնյունկտուրայի, եւ մասնավորապես՝ Ռուսաստանի խնդիրների հետ:
 
Պետք է ասել, որ հենց նման իրավիճակն է մեծացնում մի կողմից Ադրբեջանի «պատերազմի իրավունքը», մյուս կողմից՝ պատճառ դառնում միջնորդների երբեմն կոշտ հայտարարությունների, ինչպես օրինակ Հոգլանդի հրաժեշտի ասուլիսի դեպքում:
 
Հատկանշական է, որ Նալբանդյանի այդ հայտարարությունը ակտիվ շրջանառության մեջ դրեցին ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները: Իսկ ռուսական կայքերից մեկը նույնիսկ «գաղտնազերծեց», որ խոսքն առաջին հերթին Աղդամի շրջանի մասին է:
 
Կարելի է կարծել, որ տարածքների խնդիրը հետաքրքրում է միայն Ադրբեջանին ու Ռուսաստանին: Ռուսաստանի խնդիրը Ադրբեջանի հանդեպ վերահսկողությունն է եւ Ղարաբաղում ռուսական զորքի ներկայությունը: Դա հաստատեց նաեւ Սերժ Սարգսյանը, ով Պուտինի հետ վերջին հանդիպմանը հայտարարեց, թե խաղաղապահների հարց չեն քննարկել, եւ ընդհանրապես Ղարաբաղի խնդրի վերաբերյալ չեն խոսել: Դա բնական է՝ եթե չկա խաղաղապահների հարց, Ռուսաստանին մնացած հարցերը չեն հետաքրքրում, կամ ածանցյալ են, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը:
 
Այսպիսով, միջնորդները տարածքների հարցը կապում են Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հետ, որի մասին ավելի վաղ խոստովանել էր նաեւ Ալիեւը, հայտարարելով, թե աշխարհը ստիպում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Նա հայտարարել էր նաեւ, որ դա ոչ մի դեպքում չի լինելու:
 
Այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, մասնավորապես ինչու է Հայաստանը, ըստ Նալբանդյանի, տարածքային հարց քննարկում Ադրբեջանի հետ, եթե Բաքուն ընդհանրապես չի ընդունում Ղարաբաղի որեւէ, նույնիսկ միջանկյալ կարգավիճակի ճանաչումը:
 
Նալբանդյանն ասել էր նաեւ, որ մանրամասները չի ասի, այլապես բանակցությունները կդադարեցվեն: Դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանն այնուամենայնիվ պատրաստ է քննարկել կարգավիճակի հարցը, սակայն չի ցանկանում բարձրաձայնել, եւ Նալբանդյանն էլ չի ցանկանում այդ մասին ասել: Այդ դեպքում, ինչո՞ւ է Հայաստանը բարձրաձայնում, որ քննարկում է տարածքի խնդիր:
 
Սա կարող է նշանակել, որ Հայաստանի պահվածքը ղարաբաղյան խնդրում իրավիճակային է եւ հիմնականում կապված է Ռուսաստանի հետ, որը ցանկանում է «վերցնել» Ադրբեջանը եւ զորք մտցնել Ղարաբաղ: Մոսկվայի պաշտոնական շրջանակները չեն թաքցնում այս մտադրությունները, խոսելով նաեւ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին: Իսկ դրան կարելի է հասնել հայկական կողմի զիջումների միջոցով, բնականաբար՝ տարածքային:
 
Դրա մասին բացահայտ խոսեց նաեւ Լավրովը, ասելով, որ եթե Արեւմուտքն ընդուներ ռուսական կողմի առաջարկները, Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված կլիներ: Դժվար չէ ենթադրել, թե ինչ է նշանակում այդ լուծումը, եւ դա ցույց տվեց ռուսական ԶԼՄ-ների ցնծությունը Նալբանդյանի հայտարարության կապակցությամբ:
 
Այսպիսով, Ալիեւը խոստովանեց, որ տարածքների խնդիր միջազգային օրակարգում ըստ էության չկա: Այն կա միայն Ադրբեջանի ու Ռուսաստանի օրակարգում, թեեւ Ռուսաստանի «չեզոքացումը» քաղաքականության հարց է՝ Արեւմուտքի հետ հարաբերությունների բարդացման պայմաններում Ադրբեջանն ինքնաբերաբար հայտնվելու է Ռուսաստանի «գրկում», եւ այս սխեման օրինակ կարող էր քննարկման առարկա դառնալ Հայաստանի իշխանության ու լոբբիստջական շրջանակների միջեւ:
 
Հայաստանն ասում է, որ բանակցության այլընտրանքը պատերազմն է: Դա դեմագոգիկ թեզ է, պատերազմը ոչ թե նպատակ է, այլ միջոց, եւ զուր չէ, որ Ալիեւը մշտապես պահում է ուժային շանտաժը: Առայժմ նա համոզված է, որ Հայաստանը տրվում է դրան:
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից