Հարութ Սասունյան. Թուրքերը հերքում են Ցեղասպանության մասին բոլոր ապացույցները, իսկ ադրբեջանցիները՝ կոռուպցիայի մասին որևէ ապացույց

13-09-2017 11:10:42   | ԱՄՆ  |  Հոդվածներ
Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է և հերքում են փաստերը:
 


Նույն կերպ, չնայած Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացված բոլոր ապացույցներին՝ կաշառատվության և կոռուպցիոն գործունեության համար իրենց միլիարդավոր դոլարների չարաշահման մասին, նրանք մշտապես հերքում են փաստերը և մեղադրում հայերին, այլ երկրների և որոշ անհատների, որոնց դեմ են համարում իրենց...
 
Անցյալ շաբաթը բացառություն չէր: «Գարդիան»-ը և աշխարհի մի քանի տասնյակ այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ավելի քան 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների և հաստատությունների ամբողջ Եվրոպայում: Ըստ «Գարդիան»-ի՝ եղել են ավելի քան 16 հազար նման գործարքներ: Այս խոշոր սկանդալի մեջ կոռուպցիայի համար մեղավոր է ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլև այն բոլոր եվրոպացի պաշտոնյաները, որոնք կաշառք են վերցրել՝ Ալիևի վարչակարգին ապօրինի ծառայություններ մատուցելու համար...
 
Այն, ինչ «Գարդիան»-ը նկարագրում է որպես «Ադրբեջանական լվացքատուն», ներառում է «խիստ ազդեցության մի սխեմա, վարձավճարներ լոբբիստներին, պաշտպաններին և եվրոպացի քաղաքական գործիչներին՝ կանխիկ գումար լվանալու համար, [որը] գալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված ընկերություններից, պետական նախարարություններից և երկրի խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկից, որը վերջերս սնանկության դիմում է ներկայացրել: Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, իսկ այդտեղից ծախսվել  տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում»: «Գարդիան»-ը մոռացել է ավելացնել Բելգիան և Իտալիան...
 
Ադրբեջանական ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ բանկի՝ «Դանսկե»-ի էստոնական մասնաճյուղի միջոցով: Այս ստվերային օֆշորային ընկերություններից երկուսը եղել են շոտլանդական սահմանափակ ընկերություններ՝ Hilux Services և Polux Management, որոնք վերահսկվում են գործակալների կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում:
 
Տեսնենք, թե ովքե՞ր են այս ապօրինի փոխանցված ֆոնդերի շահառուներից մի քանիսը: «Գարդիան»-ի փոխանցմամբ՝ «դրանցից մեկը Լուկա Վոլոնտեն է, Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակենտրոն խմբի նախկին իտալացի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Վոլոնտեն ԵԽԽՎ պատվիրակների թվում էր, որոնք տարօրինակ կերպով դեմ քվեարկեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2013 թ. զեկույցին: Ըստ բացահայտված տվյալների՝ նա ստացել է ավելի քան  երկու միլիոն դոլար: Իտալիայում նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կոռուպցիայի համար, կապված «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հետաքննության հետ: Նա հերքում է բոլոր անօրինությունները»:
 
Համաձայն «Գարդիան»-ի՝ մեկ այլ բարձրաստիճան շահառու է «Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Քրիստոնեական սոցիալական միությունից.... 2012-2014 թթ., երբ նա այլևս պատգամավոր չէր, նրա հիմնադրամը ստացել է 819 հազար եվրո: Լինթները 61 հազար եվրոյի կանխիկ գումար ստացել է որպես ընտրությունների դիտորդ Ադրբեջան այցելելուց երկու շաբաթ անց: Նա բարձր է գնահատել քվեարկությունը՝ ընդհուպ մինչև «գերմանական չափանիշներին» համապատասխանող: Նա ասել է, որ վճարումները եղել են օրինական աշխատանքի համար, և ինքն անձամբ չի օգտվել այդ գումարից կամ չգիտի այդ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին»:
 
Ըստ «Գարդիան»-ի՝ «Կանխիկ գումար է ուղարկվել նաև Բուլղարիա և Շվեյցարիա, Կալին Միտրևին պատկանող բանկային հաշիվներին, որը ժամանակին եղել է մասնավոր խորհրդատու, իսկ այժմ աշխատում է Լոնդոնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համար: Միտրևը նշում է, որ գումարը եղել է մասնավոր եկամուտ օրինական խորհրդատվական աշխատանքներից, և նա տեղյակ չէ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին: Նա հերքում է, որ որևէ անօրինություն է կատարել»:
 
Կան նաև մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:
 
Հետաքրքիր է, որ հունգարական թերթը ևս բացահայտել է, որ այն ժամանակ, երբ Հունգարիան արտահանձնում էր Ռամիլ Սաֆարովին՝ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանը մի քանի բանկային փոխանցումներ է կատարել հունգարական MKB բանկին, ընդհանուր 7 միլիոն դոլար գումարի չափով: Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գաղտնի ֆոնդերի կոռումպացված օգտագործման՝ Եվրոպայում և այլուր իր շահերի հետապնդման համար:
 
Ադրբեջանցիները, իհարկե, չեն ընդունում իրենց անօրինությունները և մեղադրում են բոլորին, սկսած հայերից մինչև միլիարդատեր Ջորջ Սորոսը և միջազգային լրատվամիջոցներ: «Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Գարդիան»-ի և այլ լրատվամիջոցների հոդվածները որակել է որպես զրպարտություն.... Հասանովն ասել է, որ Ալիևի վարչակարգը դարձել է բրիտանական հետախուզության, հայկական սփյուռքի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված «սկանդալային» արշավի զոհը», տեղեկացնում է «Գարդիան»-ը: Հասանովը մեղադրել է որոշ հակաադրբեջանական շրջանակների, որոնք «Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերահսկվում են հայկական սփյուռքի միջոցների շնորհիվ»: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է հասանելիությունը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայք (The Organized Crime and Corruption Reporting Project), որը հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատան» մանրամասները, դանիական Berlingske թերթում տվյալների արտահոսքից հետո:
 
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կհետաքննի բրիտանական չորս ընկերությունների կոռուպցիոն գործունեությունը կապված Ադրբեջանի հետ: Միաժամանակ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի քանի անդամներ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի մշտական կոռուպցիոն սխեմաների ընթացիկ գոյություն ունեցող հետաքննությունը:
 
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից