Հաջորդ ամիս աշխարհի վերջի վերաբերյալ ամերիկացի գիտնականի կանխատեսումից խուճապի չմատնվեք

Մեր խորհուրդն աստղային երկնքին անտեղյակ ու նյարդերից թույլ մարդկանց

04-09-2017 23:07:08   | ԱՄՆ  |  Հասարակություն
 

 
Այս տարվա օգոստոսի 21-ին, ինչպես արդեն հայտնի է, տեղի ունեցավ Արեգակի լրիվ խավարում: Մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած Արեգակի այդ ամբողջական խավարումը աչքի է ընկել նրանով, որ Միացյալ Նահանգներում այն դիտվել է բավական մեծ տարածքից՝ Լինքոլն Բիչից, Օրեգոնից մինչև Հարավային Կարոլինա: Նախորդ անգամ ԱՄՆ-ում Արեգակի խավարման այդպիսի դեպք դիտվել է 1918 թվականին: Մեր այս հրապարակումը, սակայն, այդ խավարման ու դրա պատճառի մասին չէ, այլ այդ խավարմանը նախորդած` աշխարհի վերջի վերաբերյալ չարագուշակության, որի հեղինակը իր ստին հավաստիություն տալու նպատակով, այն ինչ-որ կերպ աղերսել է Արեգակի խավարման հետ:
Հիշո՞ւմ եք 2012 թվականը, արտերկրի ու տեղական ԶԼՄ-ների` դեռ 2011 թվականից սկսված հրապարակումները, որոշ «գիտնականների» ու «պայծառատեսների» «լուրջ-լուրջ» ելույթները, գեղարվեստական ու «փաստագրական» ֆիլմերը՝ 2012 թվականին աշխարհի վերջի, մայաների օրացույցի, դեպի Երկրի կողմ սլացող առեղծվածային Նիբիրու մոլորակի մասին: 2012 թվականը եկավ-անցավ, իսկ մենք, ի հեճուկս աշխարհի վերջը գուժողների, դեռ ողջ ենք: Չէ, խոսքը բնավ այն մասին չէ, որ չի կարելի որոշակի հաշվարկներ, վերլուծություններ, կանխատեսումներ կատարել, քավ լիցի, կատարողները թող կատարեն՝ միայն պայմանով, որ այն հիմնված լինի իրական փաստերի վրա, ոչ թե հորինվածքների:
Կարծում եմ, փաստաբաններն ընդհանրապես լուրջ մարդիկ են, անլուրջ մարդիկ այդ մասնագիտությամբ դժվար թե կարողանան աշխատել կամ երկար աշխատել, սակայն մինչ օրս չեմ մոռացել, թե այդ հրապարակումների ազդեցության տակ ընկած իմ մտերմուհի փաստաբանը, որը Հայաստանի լավ փաստաբաններից մեկն է, երկար տարիներ ու հիմա էլ աշխատում է որպես փաստաբան, 2011թ. վորջին թե 2012թ. սկզբին ինչպես էր վստահաբար պնդում, թե Նիբիրու մոլորակը շուտով գալու, կործանելու է երկիրը: Նա նույնիսկ ռուսական թերթերից մեկից դրա վերաբերյալ ինչ-որ հրապարակում էր պատճենահանել, պայուսակում դրած, ման էր ածում ու, որպես իր ասածի հիմնավորում, ցույց տալիս իր խոսքին չհավատացողներին:
Թեև Նիբիրուի մասին հրապարակումների հորինվածք լինելը մոտ 5 տարի առաջ բացահայտվեց, սակայն Արևմուտքում այսօր էլ կան «գիտնականներ», որոնք փորձում են նոր կյանք տալ այդ ստին` հին երգը նորովի երգելով: Գուցե նրանք հաշվարկել են, որ մարդկանց հիշողությունը կա՞րճ է, կամ լավ ծանոթ են հատկապես մեր օրերում մարդկանց հոգեբանության, ինչպես նաև հասարակական հոգեբանության առանձնահատկություններին ու նրբություններին: Իհարկե, այդ կերպ ճանաչվել փորձող «գիտնականների» կանխատեսումները երկար կյանք չունեն, ինչպես, օրինակ, ամերիկացի գիտնական Դևիդ Միդի կանխատեսումները, որոնց համաձայն, Երկիր մոլորակը շատ շուտով պետք է կործանվի նրան Նիբիրու մոլորակի բախման հետևանքով: Ամերիկացի գիտնականն այդ բախման վերաբերյալ նույնիսկ գիրք է հրատարակել՝  «Իքս մոլորակը. ժամանումը 2017թ.», իսկ համացանցում գալիք իրադարձությունների մասին պատմող էջ բացել:
Շատ լավ իմանալով, որ օգոստոսի 21-ին սպասվում է Արեգակի լրիվ խավարում, ինչն աստղագետները վաղուց էին կանխատեսել, նա պնդել է, որ կործանումից առաջ Արեգակի ամբողջական խավարում կլինի, որը պատմության մեջ ամենամեծ խավարումը կլինի, կործանումին կնախորդի «հսկա ամերիկյան խավարումը», որից հետո հնարավոր չի լինի կանխել աշխարհի վերջը: Կարծես թե, եթե, իրոք, Նիբիրուն կա ու սլանում է դեպի Երկիր, խավարումից առաջ բախումը և աշխարհի վերջը կանխելը հնարավոր էր… Առնվազն զավեշտական է նույնիսկ ոչ մասնագետների համար: Միդը հավանաբար մտածել է` ահա կլինի այդ խավարումը, ու մարդիկ իրենց աչքերով տեսնելով այն, կհավատան նաև իր խոսքի երկրորդ մասին` Նիբիրուի բախման հետևանքով Երկրի կործանմանը: Սակայն, Դևիդ Միդը հաշվի չի առել, որ ստի ոտքերը սովորաբար կարճ են լինում, քանի որ նա պնդել է նաև, թե օգոստոսի 21-ին Արեգակի լրիվ խավարման պայմաններում հնարավորություն կառաջանա տեսնելու Նիբիրուն, որն առայժմ որևէ աստղագետի չի հաջողվել տեսնել: Օգոստոսի 21-ը եկավ-անցավ, Արեգակի խավարումն էլ, թեև այն պատմության մեջ ամենամեծ խավարումը չէր, եղավ, սակայն այդ պահին Նիբիրուն չերևաց ոչ միայն անզեն աչքով երկինքը զննող դյուրահավատներին ու հետաքրքրասերներին, այլև ժամանակակից աստղադիտակներով Արեգակի խավարումը դիտող և երկինքն ուսումնասիրող մասնագետներին:
Դ. Միդը նույնիսկ մեջբերում է արել Աստվածաշնչից՝ իր կանխատեսումը հիմնավորելու համար, նա հղում է կատարել Հին Կտակարանի Յեսայի մարգարեի գրքի 13-րդ գլխին. «Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, իբրև զորավոր ավերում գալիս է, որ երկիրն ավերակ անե, և նորա մեղավորներին բնաջինջ անե նորանից, և կխավարեն երկնքի աստղերը ընդմիշտ»: Սակայն, Աստվածաշնչում գրվածից հնարավոր չէ այդպիսի միանշանակ հետևություն կատարել: Ավելին. իր ասածին գիտականություն հաղորդելու համար Միդը նշել է նաև, որ Նիբիրուն չի երևում, քանի որ շատ սուր անկյան տակ է շարժվում: Ամերիկացի գիտնականը դեռ ավելի վաղ էր կանխագուշակել Երկիր մոլորակի կործանումը, սակայն հետագայում նա տեղափոխել է ժամկետը:
Ըստ տեսաբան Դևիդ Միդի, սեպտեմբերի 23-ին երկնքում կերևա Նիբիրու մոլորակը, որը մեզ կմոտենա տիեզերական արագությամբ, իսկ մեր մոլորակի պատմությունը, նրա կանխատեսման համաձայն, կավարտվի հաջորդ ամիս` հոկտեմբերին: Դե ինչ, հոկտեմբերին, հատկապես սեպտեմբերի 23-ին շատ չի մնացել, ընդամենը 19 օր, որից հետո մարդկության` Միդի կանխատեսմանը հավատացող մասը վերջնականապես կհամոզվի, որ նա թույլ նյարդեր ունեցող մարդկանց կրոնական զգացմունքների խաղացող սովորական խաբեբա է, եթե, իհարկե, արդեն իսկ չի համոզվել օգոստոսի 21-ին տեղի ունեցած Արեգակի խավարման ժամանակ, որի ընթացքում Նիբիրուն այդպես էլ չերևաց, այսինքն` չիրականացավ Միդի կանխատեսումը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից