Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

Մեկնարկել է Հրաչյա Հարությունյանի` ռուսական դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը

18-08-2017 16:31:40   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած վթարի հետևանքով ազատազարկման դատապարտված և վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հրաչյա Հարությունյանի` ռուսական դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը:

«Ես կանոններն եմ խախտել, մնացածի մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- դատարանում հայտարարեց Հրաչյա Հարությունյանը: Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել: Հարցին` ինչո՞ւ էին իրեն պատժախուց տեղափոխել, Հարությունյանը պատասխանեց. «Պատժախուց էին տեղափոխել իբր ճաշարան գնալուց հրաժարվելու համար, բայց այդպիսի բան չի եղել: Ես ճաշարան գնալուց չեմ հրաժարվել»: Նա նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն Հայաստանում արդեն սկսել է բուժվել: Հարցին` ռուսական բանտում իրեն ճնշե՞լ են,խոշտանգումների ենթարկե՞լ են, Հարությունյանը բացասական պատասխան տվեց: 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: 

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից