«Սեպտեմբերի երկրորդ կեսից սկսած ավիատոմսերի գները երկու-երեք անգամ կիջնեն». ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

17-08-2017 16:57:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ
ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կառավարության այսօրվա նիստից հետո Lragir.am-ի հարցին ի պատասխան անդրադարձավ ավիատոմսերի գների կտրուկ թանկացմանը: Հիշեցնենք, որ այս փուլում ավիատոմսերի գները տարբեր ուղղություններով թանկացել են գրեթե երկու անգամ: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նորմալ է համարում թանկացումը՝ նշելով, որ ամառային սեզոնով պայմանավորված՝ պահանջարկը մեծացել է:
 


«Զբոսաշրջային հոսքերն ամբողջ աշխարհում ունենում են պիկային ժամանակաշրջան, և մենք այս պահին գտնվում ենք հենց այդ պիկային ժամանակաշրջանում: Այս տարվա իմաստով սպեցիֆիկ երկրորդ բաղադրիչն այն է, որ բաց երկնքի քաղաքականության ուղղությամբ տարվող սիստեմատիկ աշխատանքը բերեց նրան, որ ՀՀ-ն ավիացիոն միաջզգային քարտեզի վրա ավելի ցայտուն դեր ունեցավ ու ակտիվացրեց իր դիրքերը, դեպի մեր երկիր գալու պահանջարկն ավելացավ»,- ասաց նա:
Ըստ Ավետիսյանի՝ ավիաընկերություններն իրենց ամառային ժամանակաշրջանի չվերթները պլանավորում են բավական վաղ, 8-10 ամիս շուտ նրանք արդեն կազմում են իրենց աշխարհագրության քարտեզը: Եվ պլանավորվածից ավելի պահանջարկ ունենալու դեպքում, ինչը տեղի ունեցավ այս տարի, նման իրավիճակ է ստեղծվում: Ըստ պաշտոնյայի՝ ավիաընկերությունները փաստորեն սխալվեցին, մենք այսօր ունենքն ավելի շատ պահանջարկ, քան առաջարկն է:
«Տեսնելով իրավիճակը՝ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով թե չվերթների քանակը, թե օդանավերի տիպերը: Արդեն իսկ մի շարք ավիաընկերություններ փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով իրենց նստատեղերի քանակը»,- նշեց նա: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասաց, որ ուղևորափախադրումներն այս տարի աճել են 30 տոկոսով, հետևաբար պահանջարկն էլ է այդքանով աճել:
Մեր հարցին, թե «բաց երկնքի» քաղացքականությունը ենթադրո՞ւմ էր, որ նման իրավիճակ պետք է ստեղծվեր ոլորտում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իրավիճակը քաոսային է: Ուղղություններ կան, որ նույնիսկ կրկնակիից կարող է ավելի շատ բարձրացած լինի ավիատոմսի գինը: Դա  խոսում է պահանջարկի ավելացման մասին, կան դեպքեր, երբ ավիաընկերությունները նույնիսկ չունեն բիզնես կլասի տոմսեր»:
Սերգեյ Ավետիսյանը հստակ պատասխաններ չտվեց հարցերին, թե ինչո՞ւ ավիաընկերությունները պատրաստ չէին հոսքերի ավելացմանը, եթե կառավարությունը հայտարարում է, որ զբոսաշրջություն է զարգացնում: Նա ասաց, որ հաջորդ տարի ամռանը նորից տոմսերը թանկանալու են: Ավետիսյանը բացառեց այն տարբերակը, որ ավիաընկերությունները միմյանց հետ համաձայնեցնելով՝ կարող են գին բարձրացնել:
«Սեպտեմբերի երկրորդ կեսից սկսած տոմսերի գները երկու-երեք անգամ կիջնեն»,- հավատացրեց նա:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից