Հայկական բոլոր խաչագմբեթավոր եկեղեցիները նայում են Հայկի համաստեղությանը, ինչպես Քարահունջի 63-րդ քարը (տեսանյութ և ֆոտոշարք)



14-08-2017 21:19:12   | Հայաստան  |  Առեղծվածներ
 

 
Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը, ինչպես հայտնի գիտնական, ակադեմկոս Պարիս Հերունին և ուրիշներ, համոզված է` Քարահունջը հնագույն քարե աստղադիտարան է: Ավելին. ըստ Վազգեն Գևորգյանի, Քարահունջի 63-րդ քարը նույնիսկ ունակ է բացատրելու մայաների, Եգիպտոսի և այլ քաղաքակրթությունների գերճշգրիտ իմացությունը աստղային երկնքի:
Հայաստանի հարավում, Սիսիան քաղաքից ոչ հեռու, Որոտան գետի Դարբ վտակի ձախ ափին,  39,5 աշխարհագրական լայնության վրա է գտնվում Գորիսի Քարահունջ բնակավայրին համանուն Քարահունջ մեգալիթյան համալիրը: Անվանումը բաղկացած է երկու արմատից՝ քար և հունջ, այսինքն` հնչող քարեր: Այն բաղկացած է մինչև մոտ 10 տոննա կշռող ուղղահայաց քարերից, որոնք համալիր են կազմում։ Շուրջ 25 հեկտարի վրա որոշակի համակարգով տեղադրված 222 քարերից 84-ի վրա երկնքի աստղային դիտումներ կատարելու նպատակով հատուկ անցքեր են բացված։
Ակադեմիկոս Պարիս Հերունին այդ խորհրդավոր քարե համալիրը նախորդ դարի 90–ական թվականներին համարել է այն ժամանակ հայտնաբերված ամենահին քարե աստղադիտարանը: Համալիրը հայտնի է նաև «Զորաց քարեր», «Քարեգանձ», «հայկական Սթոունհենջ» անվանումներով: Դժվար չէ ենթադրել, որ այդ քարե աստղադիտարանի ստեղծումը մեր նախնիների համար անհրաժեշտություն է եղել, այլապես նրանք մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող ձորից, որտեղով Դարբ վտակն է հոսում, այդ ծանր քարերը մեծ չարչարանքով չէին հասցնի իրենց ներկայիս վայր, հետո էլ դրանց մի մասի վրա անցքեր բացի:
2010թ. Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական միության հետ Օքսֆորդի համալասրանի կազմակերպած Քարահունջի գիտարշավի անդամներից աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդն ասել է․«Քարերի վրայի անցքերն առանձնացնում է այն նմանատիպ համալիրներից»:
2012թ. Վազգեն Գևորգյանի ու նրա թիմի կատարած բացահայտումներն այնքան ուշագրավ ու կարևոր էին, որ Գևորգյանի հրավերով 2015թ. Քարահունջ այցելեց ամբողջ աշխարհում հնագույն հուշարձանների ու քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրեմ Հենքոքը, որը հետագայում գրել է.«Օրիոնի համաստեղությունը լուսաբացից առաջ կանգնում է Քարահունջի մեգալիթների վերևում, և կարելի է տեսնել, թե ինչպես են Օրիոնի գոտու երեք աստղերը մենհիրի ծայրին ուղղահայաց կանգնում»։ Հենքոքը Քարահունջն անվանել է աշխարհի առավել հին քարե աստղադիտարաններից մեկը, իսկ հետագայում` ամենահինը:
Հենքոքի պես հեղինակավոր հետազոտողի այս հայտարարությունից հետո «National Geographic» աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը 2016թ. ներառեց աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։ Ամսագրում նշված է, որ մեր նախնիները Օրիոնի և Սիրիուսի դիտարկումներ են արել Քարահունջի միջոցով։
«Սիրիուսը և Օրիոնը փայլում են խորհրդավոր Քարահունջի լուսավորված քարերի վերևում,- գրել է հիշյալ պարբերականը:- Այն բաղկացած է հարյուրավոր ուղղահայաց քարերից»:
Վազգեն Գևորգյանի նախաձեռնած գիտարշավախումբն օրերս` օգոստոսի 10-ի, լույս 11-ի գիշերը, Քարահունջում էր ու պատրաստվում էր ժամը 4-ին դիտել երկնային հասարակածին Հայկի (Օրիոնի) համաստեղության հասնելը, որն էլ հենց անցումն է հայկական Նոր տարվան: Ինքը` Վազգեն Գևորգյանը, հետազոտողների և էնտուզիաստների մի փոքրիկ խմբի հետ Քարահունջ էր ժամանել դեռ 2 օր առաջ, իսկ «Նոյյան Տապան»-ի աշխատանքային խումբը նրանց միացավ կեսգիշերի կողմ: Մինչ օրվա գլխավոր իրադարձությունը, Վազգեն Գևորգյանը համառոտ ներկայացրեց քիչ առաջ կատարած աշխատանքը և սպասելի իրադարձությունները.
«Նոր երկրամագնիսական դաշտը չափագրեցինք, նորմալ ֆոն է, 46-48 նանոտեսլա, որը նորմի մեջ է, նույն բանը կանենք ժամը 4-ին,- ասաց նա:- Հիմա մեր գիտնականները կգան և մենք բիոսկոպ սարքավորումով կենսադաշտերը կնայենք, հատկապես երբ այսօր Հայկը կհասնի երկնային հասարակածին, մենք կստանանք այդ կենսաուժը և կփաստագրենք արդեն չափագրիչ սարքով, մեր աչքերով էկրանի վրա կտեսնենք այդ դիագրամները:
Բնության այդ կենսաուժերի մասին մենք դեռ շատ տեղեկություններ չունենք, բայց, փառք Աստծո, արդեն կան սարքեր, որոնք ավելի նուրբ այդ էներգիաները, ավելի նուրբ այդ կենսադաշտերի փոփոխությունը կարողանում են փաստագրել, և ամեն տարի մենք մի քայլ առաջ ենք գնում: Օրինակ, այս տարի մեզ հետ համատեղ Մոսկվայում և Եկատերինբուրգում պետք է աշխատեն գիտնականները, նաև ուղեղի նեյրոնների աշխատանքը պետք է ուսումնասիրեն, ջրի իոնների փոփոխությունը և այլն, չափագրումներ պետք է կատարեն, հետո այդ համեմատականներով մենք ամբողջական պատկեր կստանանք:
Նախորդ տարվա չափումներով մենք հայտնաբերեցինք, առաջին հերթին, 63-րդ քարի ուղղվածությունը դեպի Հայկի (Օրիոնի) համաստեղություն: Այս տարի մեր նպատակն է աստղագետի հավաստագրմամբ կարողանալ առկա փաստերը գերճշգրիտ ներկայացնել հանրությանը: Բավական հետաքրքիր տվյալներ ունենք, որոնք առաջիկայում կներկայացնենք հանրությանը»:
Հետազոտողների խումբը զինված էր կողմնացույցներով, անկյունաչափով, փոքրիկ աստղադիտակով, աստղային երկնքի հնագույն պատկերները պարզելու հնարավորություն ընձեռող համակարգչային պրոֆեսիոնալ ծրագրով, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ինտեգրատիվ լաբորատորիայի կենսաչափերով, ինչպես նաև երկրամագնիսաչափերով: Վազգեն Գևորգյանի տեղեկացմամբ, բացի տեղում երկու կենսաչափերից, այդպիսի 4 սարք աշխատելու է ֆիզիոլոգիայի ինստիտուտում, երկուսն էլ` Մոսկվայում, հետո Եկատերինբուրգում, նաև` Սիրիուս աստղի ծագման օրը:
«Դրանց շնորհիվ մենք ամբողջական պատկեր կարող ենք փաստագրել, բացի այդ, Մոսկվայում գտնվող ուղեղի հետազոտման ինստիտուտն առաջին անգամ հետազոտելու է, թե մարդու ուղեղն այդ ժամանակ ինչպես է իրեն պահելու»,- ասաց Վազգեն Գևորգյանը:
Քիչ ավելի ուշ Երևանից հետազոտողների խմբին միացավ Ռուսաստանից արդեն Հայաստան ժամանած տեխնիկական գիտությունների թեկնածու, Երկրահամակարգերի և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանի ֆիզիկական գեոդեզիայի և դիստանցիոն զոնդավորման ամբիոնի դոցենտ, աստղատեղագրագիտության մասնագիտություն և աստղատեղագրագիտության ճարտարագետի որակավորում ունեցող Ելենա Գիենկոն:
«Ըստ աստղագետների հաշվարկների, այս աստղադիտարանը շուրջ 7500 տարեկան է, այն ժամանակ աստղային երկինքը բոլորովին այլ է եղել, և այս աստղադիտարանի միջոցով հետևել են բոլորովին այլ պայծառ աստղերի»,- ասաց Ելենա Գիենկոն:
Ընդգծենք, որ 7500-ը Քարահունջի տարիքի վերաբերյալ տիկին Գիենկոյի եզրահանգումը չէ, նա այդ տեղեկությունը ներկայացրեց այլ աստղագետների վրա հղում կատարելով: Գիտնականը մեգալիթյան այդ հուշարձանի տարիքի վերաբերյալ իր կարծիքը կներկայացնի առաջիկայում, համապատասխան հաշվարկներից հետո: Բացառված չէ, որ նա ևս այդ հարցում համակարծիք լինի լուսահոգի Պարիս Հերունու հետ, ըստ որի, Քարահունջն անհամեմատ ավելի հին է: Գրեմ Հենքոքը նույնպես ենթադրել է, որ համալիրը շուրջ 12-հազարամյա վաղեմություն ունի:
Ելենա Գիենկոյի հավաստմամբ, կարելի է հաշվարկել, որովհետև երկնային օրենքներն այն ժամանակ էլ, հիմա էլ նույնն են, պարբերականությունը և այլ բաներ կարելի է ճշգրիտ հաշվարկել, ինչպես տիեզերանավերի թռիչքներն են հաշվարկվում, թե տարիներ հետո այն որտեղ կլինի: Հետադարձ հաշվարկով կարելի է պարզել, թե ժամանակին ինչ պայծառ աստղերի են հետևել քարերի վրա բացված այս անցքերի միջով:
Եկավ այնքան սպասված ժամը 4-ը: Թե մինչ այդ, թե այդ պահին ու դրանից մոտ կես ժամ հետո երկրամագնիսաչափերը հատկապես ժամը 4-ին սպասվող մագնիսական դաշտի նվազում չարձանագրեցին (ըստ Վազգեն Գևորգյանի, նախորդ տարի երկրամագնիսական դաշտն ավելի քան 2 անգամ նվազել է, արձանագրվել է 20 նանոտեսլա), սակայն կենսաչափն արձանագրեց ինչ-որ կենսադաշտի էներգետիկ աճ, որը, սակայն, կարող էր պայմանավորված լինել սարքի մոտ գտնվող մարդկանց կենսադաշտերի ազդեցությամբ: Ի դեպ, կողմնացույցի սլաքն էլ այստեղ, երբ ժամը 3-ի կողմ ու 4-ից հետո աշխարհագրական ուղղություններն իր միջոցով պարզելու փորձեր արվեցին, կարծես «գժվեց»: Հայկի համաստեղության էներգետիկ ազդեցության հարցում կասկած չունենալու համար, կարծում ենք, հարկ է, որ հաջորդ և հետագա տարիներին հետազոտություններ կատարվեն նաև այլ սկզբունքներով աշխատող չափիչ գործիքներով, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ:
Քարահունջում հավաքվածներս շամպայնով լի բաժակներով, իհարկե, նշեցինք հայկական Նոր տարին` Նավասարդը, հաջորդեցին հատուկ ընտրված հայկական երգերն ու երաժշտությունը, քարերի անցքերից տարբեր աստղերի դիտումներ, քանի դեռ նրանք լուսաբացից առաջ տեսանելի էին: Ցավոք, այս տարի Հայկի համաստեղության աստղերը, այդ թվում նաև Հայկի Շամփրուկը, իրենցից առջև երկինքը պայծառ լուսավորող Լուսնի (լիալուսին էր) պատճառով պայծառ չէին երևում, ու մենք կատակով նկատեցինք` ախր Լուսնի գործն էլ խանգարելն է…
Վազգեն Գևորգյանը, որը 2012 թվականից սկսել է իր հետազոտությունները Քարահունջում, այժմ դեռ այնտեղ է, մի քանի եկեղեցիներ այցելելուց և հետազոտական համապատասխան աշխատանքներից հետո Երևան կվերադառնա վաղը երեկոյան, իսկ մյուս օրը «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում Ելենա Գիենկոյի հետ հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնի գիտարշավախմբի կատարած ուշագրավ բացահայտումները: Այսօր հեռախոսով նա հայտնեց միայն, որ Տաթևի վանքը, Որոտնավանքը և հայկական բոլոր մյուս խաչագմբեթավոր (տակը հավասարաթև խաչով, կենտրոնաձիգ գմբեթով) եկեղեցիները, եթե շեղումներ չունեն, նայում են Հայկի համաստեղությանը, այսինքն` ոչ թե Արեգակի ծագման կետին, այլ աշխարհագրական արևելք, որտեղ, որպես արևելք, ցույց է տալիս կողմնացույցի սլաքը: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից