Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Ես բնագետ եմ» խորագրով աշակերտական մեկօրյա կոնֆերանս

13-05-2017 14:22:37   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ ԿԳՆ Ա․ Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոցը մայիսի 20-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է  «Ես բնագետ եմ» խորագրով աշակերտական մեկօրյա կոնֆերանսը, որին կարող են մասնակցել  7-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Կոնֆերանսի հիմնական նպատակն է նպաստել դպրոց-բուհ, դպրոց–գիտություն կապի ամրապնդմանը, խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները, ծանոթանալ գիտական արդի խնդիրներին եւ նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին, նպաստել դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող  սովորողների համագործակցությանը, սովորողների մոտ ձեւավորել մեծ լսարանի առջեւ ելույթ ունենալու հմտություններ:
Կոնֆերանսը կազմակերպվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» եւ  «Երիտասարդ կենսաքիմիկոսների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Կոնֆերանսը ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկուցումներ, զեկուցումներ խմբերում եւ ուսուցողական գործնական փուլ։
Գլխավոր զեկուցումներով հանդես կգան տարբեր հաստատություններ ներկայացնող  կենսաբաններ եւ քիմիկոսներ։
Խմբերում զեկուցողները կլինեն տարբեր դպրոցներից հայտագրված սովորողներ։
Ուսուցողական գործնական փուլը կոնֆերանսի մասնակիցների հետ կանցկացնեն  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի աշխատակիցները։
Վերջում բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ հյուրերի կողմից ընտրված լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի եւ մրցանակների։
Գրանցման հայտ կարելի է ներկայացնել ե՛ւ որպես ունկնդիր, ե՛ւ որպես զեկուցող։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից