Լևոն Հունանյանի մահվան գործով նոր դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին. (տեսանյութ)

12-05-2017 20:38:39   | Հայաստան  |  Իրավունք
 


Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Լևոն Հունանյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որին դարձյալ ներկա չէին վարույթն իրականացնող քննիչը և դատախազը: 
Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդ ճանաչված Դավիթ Հունանյանը և նրա ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննչական բաժնի քննիչի որոշման և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատախազի որոշման դեմ բերված բողոքի հիմնավորումները: 
Դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ` նոր դատական նիստ նշանակվեց մայիսի 26-ին ժամը 11:00-ին, որի մասին կծանուցվի նաև «Զեւս ստուդիա» ՍՊԸ պատասխանատուին: 
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2014թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում՝ ազատ տնտեսական գոտում պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետևանքով, վերջինիս հետ պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լևոն Դավիթի Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի վրա առկա արևային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբաձև երդիկի կոտրվելու պատճառով ընկել է 3-րդ մասնաշենքի հատակին, որից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
 
Մանրամասները` տեսանյութում:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից