Ոչ մեկին ձեռնտու չէ բացահայտել բանակում կատարված սպանությունները. մահացած զինվորի մոր հանդիպումը Գլխավոր դատախազի հետ չի կայացել (տեսանյութ)



12-05-2017 19:42:15   | Հայաստան  |  Իրավունք
 


«Ոչ մեկին ձեռնտու չէ բացահայտել բանակում կատարված սպանությունները. Սա դատախազություն չէ, սա հանցագործների աշխարհ է»,- մայիսի 12-ին «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, ով այսօր պետք է հանդիպեր ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: 
 
Նշանակված հանդիպումը տեղի չի ունեցել այն պատճառաբանությամբ, թե Ա. Դավթյանը զբաղված է և չի կարող ընդունել տիկնոջը: Մինչդեռ Ի. Ղազարյանը վստահեցնում է, որ երեկ կառավարության շենքի առջև իրականացված բողոքի ակցիայից հետո գալով Դատախազության շենք, նրանց դատախազության աշխատակից Սմբատյանը տեղեկացրել է, որ մայիսի 12-ին ժամը 16:00-ին հանդիպում է նշանակված դատախազ Ա. Դավթյանի հետ: 
Հիշեցնենք, որ Իրինա Ղազարյանը պայքարում է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում մահացած որդու՝ հետախույզ Արթուր Ղազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ա. Ղազարյանի մայրը չի ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, որի համաձայն` Արթուրի գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել:
Նա վստահ է, որ որդու հետ կատարվածը չի կարող ուռուցքի հետևանք լինել, այլ Ա. Ղազարյանը սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
Մինչ օրս իրավապահները և դատախազությունը անտեսում են գործը վերանայելու Ղազարյանների պահանջները: 
 
 
Մանրամասները` տեսանյութում
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից