Արվեստի մասնագիտությունների դասավանդումը ՄԿՈՒ հաստատություններում.ԿԳՆ

12-05-2017 18:39:16   | Հայաստան  |  Հասարակություն
Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական  (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթկական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:
 


ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը  ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի անունից ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում: Նա նաև  նշել է, որ աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳ նախարարի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականի  շրջանակում: «Մինչև օգոստոս պետք է մշակվի  ՄԿՈՒ զարգացման ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը՝ 2017-2021 թվականների համար: Մենք ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարության մեջ ոլորտային, այդ թվում նաև արվեստի մասնագիտությունների զարգացումը դիտարկում ենք որպես առանձին ուղղություն: Այս աշխատաժողովի նպատակն է՝ քննարկումների միջոցով վեր հանել առկա բոլոր խնդիրները, ձևավորել շահեկան առաջարկներ, որոնք օգտակար կլինեն ներկայացվող ծրագրերի մշակման, արվեստի մասնագիտություններով կրթության  որակի բարելավման և զարգացման համար»,- նշել է Ա. Աղբալյանը: 
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր խոսքում ընդգծել է, որ արվեստի մասնագիտությունների շուրջ երկու տասնյակ կրթական չափորոշիչ է մշակվել: Դրանք ներդրված են 12 ՄԿՈՒ հաստատություններում և պարբերաբար վերանայվում են՝ հաշվի առնելով ուսումնական հաստատություններից ստացված առաջարկներն ու աշխատաշուկայի զարգացող պահանջները:
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Երևանի թիվ 1 տարածաշրջանային,  Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական, Արմավիրի արվեստի պետական քոլեջների և  Երևանի զարդարվեստի արհեստագործական  պետական ուսումնարանի պատասխանատուները: Նրանք հիմնականում անդրադարձել են համապատասխան մասնագիտություններով կրթական չափորոշիչներին և մոդուլային ուսուցմանը, որն առանձին դեպքերում՝ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, ուսուցման գործընթացում առաջ է բերում որոշակի խնդիրներ: 
Աշխատաժողովին մասնակիցներն  առանձնակի կարևորել են քոլեջից բուհ անցումը: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվեստի մասնագիտությունների ուղղությամբ բուհերում հեռակա ուսուցում հիմնականում չի կազմակերպվում, խնդիր է առաջանում  ուսանողների կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից: Հարց է բարձարացվել նաև  ՄԿՈՒ մասնագիտությունների / որակավորումների /ցանկի և ուսուցման տևողության վերանայման վերաբերյալ:
Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ տարբեր մասնագիտությունների թեմատիկ ուղղվածությամբ, քննարկվել են 2017-2021 թվականների ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրում արվեստի մասնագիտությունների զարգացման հետ կապված առաջարկությունները:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից