Միացյալ Նահանգները Սիրիայում ընդդեմ Ռուսաստանի

Սիրիայում խաղաղության օազիսներ ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը ձեռնտու չէ Արևմուտքին

12-05-2017 18:25:08   | ԱՄՆ  |  Քաղաքական
 

 
Անցած երեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եռօրյա աշխատանքային այցով (մայիսի 9-11-ը) մեկնել էր Միացյալ Նահանգներ: Սա նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի օրոք նրա առաջին այցելությունն էր ԱՄՆ: Այցելության նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտնեց, որ Վաշինգտոնում մայիսի 10-ին նախատեսված Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպման գլխավոր թեման լինելու է իրավիճակը Սիրիայում: ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնելով այս մասին և բանակցություններում առաջընթացի հույս հայտնելով, միաժամանակ նշել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացը «երաշխավորված չէ»:
Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնեց, որ Լավրովն ու Թիլերսոնը քննարկելու են նաև սիրիական և ուկրաինական ճգնաժամերը:
Թե քննարկումների արդյունքում երկու գերտերությունների արտգործնախարարներն իրականում ի՞նչ պայմանավորվեցին կամ, ընդհանրապես, Սիրիայի հարցում համաձայնության եկա՞ն արդյոք, դեռ հայտնի չէ, գուցե չհայտնվի էլ այդ մասին (նման դեպքերում սովորաբար լինում է արձանագրային բնույթի ժլատ հայտարարություն), լինի միայն: Սակայն, դատելով հիշյալ հանդիպմանը նախորդած և Սիրիային առնչվող գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունից, կարելի է կռահել, թե ինչի՞ էր փորձում հասնել Լավրովը Վաշինգտոնում:
Ինչպես հայտնի է, մինչև Լավրովի և Թիլերսոնի վերոնշյալ հանդիպումը, Սիրիայի հարցով տեղի ունեցած վերջին նշանակալի իրադարձությունը ՌԴ նախաձեռնությամբ, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների («Աստանա-4») արդյունքում մայիսի 4-ին ձեռք բերված համաձայնությունն է` Սիրիայում ռազմական գործողություններից զերծ անվտանգության չորս գոտի` խաղաղության յուրօրինակ օազիսներ ստեղծելու վերաբերյալ: Նախատեսվում է անվտանգության գոտիներ («ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ) ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 6-ից՝ կես տարի ժամկետով, սակայն հետագայում հնարավոր կլինի այն երկարացնել:
 
Վերոնշյալ պայմանավորվածությունն արտահայտող համաձայնագրի թե հուշագրի ստորագրումը, անշուշտ, կարևոր քայլ է պատերազմում բազմահազար զոհեր տված, այս պահին էլ ահաբեկիչների դեմ պատերազմող ու բազմաթիվ արնածոր վերքեր ունեցող, պատերազմից ահավոր հոգնած Սիրիայի ժողովրդի և Բաշար Ալ Ասադի վարչակազմի համար: Նշված համաձայնության իրագործմամբ նրանց մի փոքր շունչ քաշելու հնարավորություն կտրվի:
«RIA Novosti» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Աստանա-4» հանդիպումը դարձել է «որակյալ քայլ իր նվաճումներով»: Նա, սիրիական հեռուստատեսության արբանյակային ալիքի տեղեկացմամբ, ձեռք բերված հաջողության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Ղազախստանին, Իրանին, և նշել, որ ձեռք բերված համաձայնությունները քաղաքական կարգավորման հնարավորություն են բացում:
Նշենք, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտիներում ավիացիայի գործողություններն արգելվելու են: Հիշյալ գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդ Ալեքսանդր Լավրենտևը:
«Անվտանգության գոտիներում ավիացիայի, հատկապես միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանք նախատեսված չէ՝ ծանուցմամբ, թե առանց դրա,- ասել է Լավրենտևը:- Այդ հարցը փակված է: Միջազգային կոալիցիան կարող է աշխատել միայն Իրաքի տարածքում, Ռաքքայի, Դեր Զորի և Եփրատի շրջանների բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ»: 
ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդը նշել է նաև, որ միջազգային կոալիցիայի ավիացիայի թռիչքների համար անվտանգության գոտիներն այժմ փակ են, սակայն դա հուշագրում ամրագրված չէ:
Թեև վերոնշյալ նախաձեռնության ու գործընթացի մաս չկազմող ԱՄՆ-ը, Արևմուտքի նրա դաշնակիցները, ինչպես նաև ԱՄՆ-ի վրա լրջագույն ազդեցություն ունեցող Իսրայելիը կամ սիոնիստական ռեժիմը «Աստանա-4»-ում կողմերի միջև ձեռք բերված համաձայնության դեմ դեռ հրապարակայնորեն չեն արտահայտվել, դրան իրենց անհամաձայնությունը չեն հայտնել, սակայն կասկածից դուրս է, որ Սիրիայում անվտանգության  գոտներ ստեղծելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը նրանց ձեռնտու չէ, որովհետև որքան Սիրիայում շատ արյուն թափվի, հյուծիչ պատերազմը շարունակվի և իրավիճակը լարվի` էլ ավելի ծանրացնելով Ասադի, նրա վարչակազմի դրությունը, այնքան, սեփական շահերի տեսանկյունից, իրենց համար լավ…
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ուղղորդվող մի շարք ԶԼՄ-ներ Ռուսաստանի նախաձեռնության վրա ստվեր գցելու, բանակցությունները միջազգային հանրությանն անարդյունք ներկայացնելու նպատակով, մայիսի 6-ին հիշյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, հենց նույն օրը կեղծ տեղեկություններ տարածեցին, թե կողմերի միջև համաձայնությունն արդեն իսկ խախտվել է` Սիրիայի կառավարական ուժերի և զինյալ ընդդիմադիրների միջև բախումներ են եղել: Ռուսաստանը, իհարկե, անմիջապես հերքեց դա, բայց կասկած չունեմ, որ ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ների հայտնած այդ կեղծ տեղեկությունը շուտով դառնալու է իրականություն: Նրանք պարզապես ժամանակից են առաջ ընկել` Միացյալ Նահանգների իշխանության համար ցանկալին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայությունների կողմից միգուցե նաև պլանավորվածն իրականության տեղ ներկայացնելով:
Խնդիրն այն է, որ իրենց դժգոհությունը հայտնելով բանակցություններին Իրանի մասնակցության վերաբերյալ, Սիրիայի ընդդիմադիր սուննի զինյալ խմբավորումներից ոչ բոլորն են մասնակցել Աստանայի բանակցություններին կամ իրենց համաձայնությունը տվել անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կետերին (կարծում ենք, հասկանալի է, թե որ երկրի դրդմամբ և իրենց հույսն ում վրա են դրել), ինչը նշանակում է, որ նրանք առաջիկայում, ԱՄՆ-ի կամ արտաքին այլ աջակցության դեպքում, ակտիվանալու են: Այսինքն` բախումներն ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև շարունակվելու են, եթե, իհարկե, այս պահի դրությամբ արդեն չեն սկսվել:
Հասկանալով, որ Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունն այնքան էլ ամուր ու հուսալի չէ, և այն ամրապնդելու համար բացի դրան իր, Իրանի և Թուրքիայի մասնակցությունից, հիշյալ համաձայնությունը միջազգային հանրության հավանությանն արժանացնելու և նրա քաղաքական աջակցությունը ստանալու անհրաժեշտությունը կա, Ռուսաստանը Աստանայի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 օր հետո` մայիսի 8-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացնել «Աստանա-4»-ում ձեռք բերված համաձայնությունն ամրագրող ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ: 
«ՌԻԱ Նովոստին» փոխանցելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունում իր աղբյուրից ստացած տեղեկությունը, մայիսի 8-ին հայտնեց, որ հիշյալ բանաձևի նախագիծն արդեն դրված է ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը: Հիշյալ նախագծում հղում է կատարվում մայիսի 4-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ Աստանայում ստորագրված հուշագրին, որով Սիրիայի կառավարությունը և մասնակից ընդդիմադիր զինյալները համաձայնել են միմյանց դեմ բոլոր տեսակի ռազմական գործողությունները դադարեցնել: Եվ, ահա, այստեղ սկսվեց թերևս ամենահետաքրքիրը…
Գաղտնիք չէ, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և Արևմուտքի ազդեցությունը շատ մեծ է: Այդ ազդեցությամբ պայմանավորված, միջազգային այդ կառույցից թե հենց ԱՄՆ-ից պաշտոնապես թե ոչ պաշտոնապես ասվել է, որ որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն իր բանաձևով հավանության արժանացնի և ամրագրի Աստանայի համաձայնագիրը, անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումներ տեղակայվեն: Սա նշանակում է արհեստական խոչընդոտ հարուցել ակնկալվող բանաձևի ընդունման ճանապարհին, դրա ընդունումը հարցականի տակ դնել` նախապես իմանալով, որ Սիրիան ընդդիմանալու է իր տարածքում նշված ստորաբաժանումների տեղակայմանը: Դրանից անմիջապես հետո, «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայում «ապաէսկալացված» կամ «անվտանգության» գոտիների պահպանման նպատակով Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունն իրենք բացառում են, և որ որևէ միջազգային ուժ, բացի Ռուսաստանից, չի ներգրավվելու նշված գոտիների պաշտպանությանը: Նա հղում է կատարել «Ռուսաստանի բացատրությանը՝ որպես երաշխավոր երկիր»:
Սիրիայի արտգործնախարարն ասել է նաև, որ «Սիրիան պատրաստ է պահպանել համաձայնագրի իրականացումը, սակայն կպատասխանի ցանկացած խախտման»:
ՌԴ արտգործնախարարն այս իրավիճակում Վաշինգտոն մեկնեց հիշյալ բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ ներկայացնելու հաջորդ օրը: Դատելով ամենից, Թիլերսոնի հետ նրա հանդիպման առանցքային թեման Վաշինգտոնին քաղաքական առևտրում ինչ-որ բան առաջարկելով համոզելն էր, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չխոչընդոտի հիշյալ բանաձևի ընդունմանը և ամենակարևորը` գործնականում չտապալի Աստանայի համաձայնագրի և բանաձևի դրույթների իրագործումը: Որքանո՞վ է դա հաջողվել ՌԴ արտգործնախարարին, ցույց կտա ժամանակը, բայց լավատեսության հիմքեր առանձնապես չկան:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից