Կհամաձայնե՞ք, որ ինչ-որ մեկը ձեզ, ձեր ծնողին, զավակին, կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու դեպքում գլուխը պրծացնի ընդամենը տուգանքով (ֆոտոշարք)

11-05-2017 21:46:46   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Ինչպե՞ս կվարվեք, եթե որևէ մեկը ձեզ սեռական բնույթի հայհոյանք տա, ավելին` եթե այդ հայհոյանքը լինի հրապարակային` բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կամ համացանցում: Այս հարցին, իհարկե, տարբեր պատասխաններ կարող են տրվել, քանի որ մարդիկ տարբեր են իրարից, սակայն ընթերցողների և, ընդհանրապես, հասարակության ճնշող մեծամասնության պատասխանը, կարծում եմ, միանգամայն կռահելի է…
Մեկ տասնամյակ էլ չի անցել այն օրվանից, երբ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացվեցին: Ասինքն` եթե մինչ այդ նշված արարքների համար քրեական պատասխանատվություն էր սահմանված, ապա դրանց ապաքրեականացումից հետո անձն այլևս զրկվեց իրավապահ մարմիններին դիմելու, քրեական գործի հարուցման և իրեն զրպարտողի կամ վիրավորողի քրեական պատասխանատվությանը (պատժին) հասնելու հնարավորությունից:
Վիրավորված կամ զրպարտված  անձը, վիրավորողի կամ զրպարտողի քրեական պատասխանատվության փոխարեն, կարող է քաղաքացիական հայցով դիմել դատարան և, լավագույն դեպքում, հասնել նրան, որ իրեն վիրավորողը բացի ներողություն խնդրելուց, զրպարտողը բացի հերքումից, տուգանվեն` վիրավորողը` առավելագույնը 1 մլն դրամի չափով, զրպարտողը` առավելագույնը 2 մլն դրամի չափով:
Վերոնշյալ փոփոխության պատճառներից մեկը, այն նախաձեռնողի տեսանկյունից, լրատվական դաշտի կարգավորման անհրաժեշտությունն էր: Նախկինում իրավապահ մարմինները հնարավորինս խուսափում էին անձին պատճառված վիրավորանքի կամ նրան զրպարտելու դեպքում քրեական գործ հարուցել լրագրողների, ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի հեղինակների դեմ` համարելով դա աղմկահարույց, գլխացավանքի հետ կապված մի բան: Ի վերջո, զգուշանում էին, որ դա Արևմուտքի որոշ երկրների և արտերկրի համապատասխան կառույցների կողմից կարող է մեկնաբանվել իբրև լրագրողների նկատմամբ հետապնդում, նրանց խոսքի և կարծիքի արտահայտման ազատության ճնշում, որը կարող է իշխանությունների ու պետության միջազգային վարկի վրա բացասաբար անդրադառնալ:
Հասկանալի է, որ հիշյալ արարքների ապաքրեականացմամբ այդ բոլոր խնդիրները մեկ հարվածով լուծվում էին ու լուծվեցին: Ավելին. «կարմիր գիծն» անցած լրագրողներին և ԶԼՄ-ներին հայաստանյան չափանիշներով խոշոր այդ տուգանքներով ծնկի բերելու, մյուսների էլ աչքը վախեցնելու բավական արդյունավետ հնարավորություն էր առաջանում:
Այսպիսով համարելով, որ քրեական պատասխանատվությունը զրպարտության և վիրավորանքի դեպքում պատասխանատվության անհամաչափ կամ անհամարժեք եղանակ է, օրենսդիրներն այն ժամանակ որոշեցին այդ խնդիրը լուծել քաղաքացիական պատասխանատվության միջոցով: Օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) վիրավորանքի դեպքում դրա հեղինակի նկատմամբ սահմանվեց տուգանք և պատասխանատվության այլ միջոց:
Վերը նշված քայլով, սակայն, անտեսվեց այն հանգամանքը, որ անձին վիրավորանք կարող է պատճառվել ինչպես, այսպես ասած, սովորական հայհոյանքով (տականք, վիժվածք, հիմար, անասուն և այլն) և այլ կերպ, այնպես էլ սեռական բնույթի հայհոյանքով, որի դեպքում վիրավորված անձի պատիվը, արժանապատվությունը կարող են այն աստիճան խոցվել, որ տուգանքը, եթե այն նույնիսկ ներկայիս առավելագույնի, ասենք, տասնապատիկի չափ էլ սահմանվի (10 մլն դրամ), նրան բնավ չի բավարարի որպես տվյալ արարքի փոխհատուցման ու վիրավորողի պատասխանատվության միջոց:
Համոզվելու համար, որ դա, իրոք, այդպես է, պատասխանեք հետևյալ հարցին` ինքներդ կհամաձայնե՞ք, որ ինչ-որ մեկը ձեզ, ձեր ծնողին (առավել ևս, եթե նա հանգուցյալ է), զավակին, կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու դեպքում գլուխը պրծացնի առավելագույնը ընդամենը 1 միլիոն դրամ տուգանք վճարելով, ինչպես այժմ է, կամ, թեկուզ, 10 մլն դրամ վճարելով, եթե ընդունենք, որ օրենսդիրներն առաջիկայում գնան սեռական բնույթի հայհոյանքի դեպքում տուգանքի չափը բարձրացնելու ճանապարհով:
Հասկանալով, որ իրեն սեռական բնույթի հայհոյանք տված անձը, այն էլ` հրապարակային միջավայրում, լավագույն դեպքում ենթակա է ընդամենը 1 մլն դրամի չափով տուգանքի, այդ կերպ վիրավորված անձանց թվում քիչ չեն նրանք, որ անցած 7 տարում դիմել են ուղղակի ինքնադատաստանի` ծեծել են հայհոյողին, պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ընդհուպ սպանել կամ բախման ընթացքում իրենք տուժել կամ նույնիսկ զոհվել: Եվ սա` սոսկ այն պատճառով, որ օրենսդիրները նրանց ծայրաստիճան խոցված պատվի, արժանապատվության համարժեք պաշտպանության հնարավորություն չեն ընձեռել:
Մինչդեռ, սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքի դեպքում քաղաքացիական պատասխանատվությունից (տուգանքից) անհամեմատ խիստ քրեական պատասխանատվություն սահմանելը թույլ կտա այդ խնդիրը լուծել այնքանով, որքանով ընդհանրապես հնարավոր է լուծել օրենսդրական դաշտում:
«Կարծում եմ, մենք պետք է ունենանք սեռական բնույթի հայհոյանքների իրավական զսպման բավարար մեխանիզմներ, այլապես երևի ցանկացած մարդու հնարավոր կլինի հունից հանել, քանի որ այդպիսի հայհոյանքի հեղինակի պատասխանատվությունը լավագույն դեպքում լինելու է ընդամենը 1 միլիոն դրամ տուգանքը, որը վճարելը ֆինանսապես ապահովված մարդու համար խնդիր կամ առանձնակի խնդիր չէ,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց փաստաբան, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ:- Մենք հայեր ենք, մեր հոգեկերտվածքը (մենթալիտետը) յուրահատուկ է, յուրաքանչյուրս դաստիարակվել ենք սեռական բնույթի հայհոյանքների ծայրաստիճան վիրավորական և անհանդուրժելի լինելու ոգով»:
Այս հարցում լիովին համամիտ լինելով փաստաբանի հետ, մենք ևս այն կարծիքին ենք, որ սեռական բնույթի հայհոյանքով պատճառված վիրավորանքն այլ բնույթի հայհոյանքով կամ այլ կերպ պատճառված վիրավորանքից պետք է առանձնացվի, դրա համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն: Թեև հիշյալ հիմնադրամը և ՀՀ փաստաբանների պալատն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեն, բայց նրանք պատգամավորական խմբակցությունների, ՀՀ արդարադատության նախարարության հետ կարող են և առաջիկայում, կարծում ենք, անպայման կքննարկեն տվյալ հարցը:
Հուսանք, որ հիմնադրամը և Փաստաբանների պալատը նրանց միջոցով կարողանան խորհրդարանում բարձրացնել անձին, նրա մերձավորներին (ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և այլոց), նրա սրբություններին` Աստծուն, հայրենիքին, պետական ատրիբուտներին, ինչպես նաև իր եկեղեցու հոգևորականներին ուղղված, հետևաբար կրոնական զգացմունքները վիրավորող սեռական բնույթի հայհոյանքների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ինչը խոսքի ազատության սահմանափակման հետ որևէ աղերս չունի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից