Սեռական բնույթի հայհոյանքների հնարավոր հետևանքները բոլորս էլ գիտենք, հետևաբար դրանց դեպքում պետք է քրեական պատասխանատվություն սահմանել

Տիգրան Աթանեսյանը և այլ փաստաբաններ, ցավոք, չհասկացան փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման անհրաժեշտությունը

05-05-2017 17:42:00   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Ապրիլի 27-ին մի խումբ փաստաբանների միջև տեղի ունեցած վեճի, բախման ու ծեծլռտուքի առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը փաստաբան, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ: Հարցազրույցում վերջինս ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ մենք դաստիարակվել ենք սեռական բնույթի հայհոյանքների ծայրաստիճան վիրավորական և անհանդուրժելի լինելու ոգով:
 
- Դուք պնդո՞ւմ եք, որ ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ նրան կամ Արմեն Սողոմոնյանին չեք հարվածել, ինչպես հայտարարել է վերջինս, որքան հիշում եմ, նաև` Տիգրան Աթանեսյանը:
- Այո:
- Տիգրան Աթանեսյանի գրասենյակում ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արդեն հարուցված է քրեական գործ, քննություն է ընթանում: Դուք` փաստաբաններդ, ինքնե՞րդ եք ձեր շահերը պաշտպանում, թե այս գործով փաստաբանների եք ներգրավել որպես ձեր շահերի պաշտպան:
- Իմ մասնագիտացումը քրեական իրավունքը չէ, ինքս քրեական իրավունքի մասնագետ չեմ և, բնականաբար, քանի որ խնդիրը քրեաիրավական հարթության մեջ է, ներգրավվել է համապատասխան մասնագիտացմամբ փաստաբան, իմ շահերը ներկայացնում է Հրանտ Անանյանը: Տուժողներից Արսեն Հարությունյանն իր շահերի պաշտպանության համար, իմ ունեցած տեղեկություններով, բանակցություններ է վարում փաստաբան Հունան Բաբայանի, իսկ Վրեժ Խաչիկյանը` Արմեն Ֆերոյանի հետ:
- Քննչական գործողություններ կատարվե՞լ են արդեն, ձեզ հրավիրե՞լ են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
- Այո, համապատասխան քննչական գործողություններ իրականացվում, որոնց մասին չեմ ուզում որևէ տեղեկություն հրապարակել: 
- Այդ հայհոյանքներից հետո ինչո՞ւ վիրավորանքի համար Տիգրան Աթանեսյանին պատասխանատվության ենթարկելու հայցապահանջով չդիմեցիք դատարան, որը նրան գուցե տուգաներ վիրավորանքի համար նախատեսված տուգանքի առավելագույն չափով` 1 միլիոն դրամով: Ինչո՞ւ չդիմեցիք Փաստաբանների պալատի խորհրդին, որը նրան գուցե զրկեր փաստաբանի արտոնագրից, չէ՞ որ «Ֆեյսբուքում» այդ վիրավորական, հայհոյական գրառումներն անժխտելի փաստ են: 
- Իսկ ո՞վ ասաց, որ հայհոյանքների, վիրավորանքների համար պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով չէի դիմելու կամ չեմ դիմելու դատարան: Ինչպես արդեն նշեցի, այդ գրառումների մասին տեղեկացել եմ ապրիլի 27-ին, ցերեկը ժամը 2-ից հետո, և նույն օրը, կարճ ժամանակ անց գնացել Աթանեսյանի գրասենյակ` առերես պարզաբանում պահանջելու, թե ինչո՞ւ է հայհոյական նման գրառումներ կատարել, իր հանդեպ ի՞նչ մեղք եմ գործել, որ արժանացել եմ նման վերաբերմունքի: Դատարան դիմելու եմ, իսկ խորհրդին դիմելու կարիք չկա, որովհետև Փաստաբանների պալատի նախագահի կողմից արդեն կարգապահական վարույթ է հարուցված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ, և խորհուրդը զբաղվում է կատարվածի ուսումնասիրմամբ: Ինչ վերաբերում է Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի փաստաբանի պատասխանատվության խնդրին, դա արդեն խորհրդի գնահատականի խնդիրն է, խորհրդի որոշելիքը:
Կա ևս մեկ հանգամանք, որի վրա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել: Փաստաբանների շրջապատում շատերն ինձ ճանաչում են, ընտրությունների ժամանակ առնվազն 700 ձայն ստացել եմ փաստաբանների կողմից, «Ֆեյսբուքի» այդ խմբում, որը մոտ 400 անդամ ունի, վիրավորանք է հասցվել ինձ և ընտանիքիս: Միգուցե հետագայում դիմեի խորհրդին, բայց, ի վերջո, տղամարդիկ ենք, և նախ ցանկացա պարզել, հասկանալ, թե այդ գրառումների պատճառն ինչն է, Աթանեսյանին ինչո՞վ եմ առիթ տվել նման վարքի, երբ նրա հանդեպ վատ հարաբերություն չեմ ունեցել, նրան երբևէ չեմ հայհոյել կամ վիրավորել, վնաս չեմ պատճառել: Եթե չպարզաբանվեր այդ հարցը, միգուցե կդիմեի նաև պալատի խորհրդին:
- Ի՞նչ եք կարծում, որպեսզի այսպիսի միջադեպեր հետագայում չլինեն, ի՞նչ պետք է անել, ինչի՞ անհրաժեշտություն կա իրավական դաշտում:
- Ինքս Փաստաբանների պալատի խորհրդի անդամ եմ և բազմաթիվ առիթներ եմ ունեցել նմանատիպ վիրավորանքների դեպքում համապատասխան գնահատական տալ փաստաբանների վարքագծին: Այդ վիրավորանքների առնչությամբ խորհրդի դիրքորոշումը պատասխանատվության ենթարկված փաստաբանների կողմից, իհարկե, քննադատության է արժանացել: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ խորհրդի որոշումներն անգամ դատական կարգով բողոքարկվել են, իհարկե, անարդյունք: Դատարանը խորհրդի որոշումները բոլոր դեպքերում գնահատել է իրավաչափ և համարել, որ նրանց կողմից, իրոք, թույլ է տրվել փաստաբանի վարքագծի կանոնների խախտում, խորհրդի որոշումները մնացել են ուժի մեջ, դատարանը դրանք չի վերացրել: Միջազգային պրակտիկան էլ փաստաբանների վարքականոնների խախտման առումով բավական խիստ է: 
Այնուհանդերձ, Տիգրան Աթանեսյանը և այլ փաստաբաններ, ցավոք, չհասկացան փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման անհրաժեշտությունը, դրանք չխախտելու կարևորությունը` գիտակցելով հանդերձ, որ սոցիալական ցանցում իրենց կատարած գրառումներն իրավաչափ չեն, և ես կարող եմ դիմել դատարան կամ պալատի խորհուրդ: Այսպիսի դեպքերը կանխելու կամ առնվազն սահմանափակելու նպատակով անհրաժեշտ է սեռական հայհոյանքների պարագայում վիրավորանքի համար նախատեսված պատասխանատվությունը քրեականացնել:
Թեև իմ գործունեությունն օրենսդրական նախաձեռնության հետ առնչություն չունի, այնուամենայնիվ, ուզում եմ այդ լիազորությամբ օժտվածների ուշադրությունը հրավիրել սույն խնդրին: Կարծում եմ, մենք պետք է ունենանք սեռական բնույթի հայհոյանքների իրավական զսպման բավարար մեխանիզմներ, այլապես երևի ցանկացած մարդու հնարավոր կլինի հունից հանել, քանի որ այդպիսի հայհոյանքի հեղինակի պատասխանատվությունը լավագույն դեպքում լինելու է ձևական հարապարակային ներողությունը և ընդամենը 1 միլիոն դրամի չափով տուգանքը, որը վճարելը ֆինանսապես ապահովված մարդու համար խնդիր կամ առանձնակի խնդիր չէ: Մենք հայեր ենք, մեր հոգեկերտվածքը (մենթալիտետը) յուրահատուկ է, յուրաքանչյուրս դաստիարակվել ենք սեռական բնույթի հայհոյանքների ծայրաստիճան վիրավորական և անհանդուրժելի լինելու ոգով: Գիտենք նաև, թե այդպիսի դեպքերում ինչ կարող է տեղի ունենալ, ընդհուպ մինչև` մարդասպանություն: Այո, այս երևույթը կանխելու կամ հնարավորինս սահմանափակելու համար սեռական բնույթի հայհոյանքի հեղինակը պետք է իմանա, որ դրա համար իրեն սպասվում է քրեական պատասխանատվություն:
Սեռական բնույթի հայհոյանքների դեպքում քաղաքացիաիրավական տիրույթում պատասխանատվություն սահմանելը, դրանց քրեաիրավական գնահատական չտալը, կարծում եմ, արդյունավետ չէ ու չի նպաստում այդ արարքի հասարակական վտանգավորության նվազեցմանը: Խնդիրն ակնառու է, մարդուն ուղղված նմանաբնույթ հայհոյանքները կարող են առաջացնել նույնիսկ անդառնալի, ողբերգական հետևանքներ, և, որքան տեղյակ եմ, արդեն իսկ եղել են նման դեպքեր: Դրանց համար անպայման պետք է քրեական պատասխանատվություն սահմանվի, այլապես այդ բնույթի հայհոյանքներով պայմանավորված խնդիրն ավելի է սրվելու, հատկապես, սոցիալական ցանցերի ներկայիս դարում, երբ որոշ մարդիկ, որոնք առերես գուցե չհամարձակվեին սեռական բնույթի հայհոյանք տալ, այդ ցանցերով և այդպիսի հայհոյանքներով ինքնադրսևորվում են: 
 
Հարցազրուցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից