Հայաստանի ատոմակայանը և ռազմավարական այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի իրական հնարավորությունները և հետևանքները

Ռեակտորը կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի րոպե

28-04-2017 17:41:23   | Ադրբեջան  |  Քաղաքական
 

 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում անցյալ ամիս, ինչպես հայտնի է,  հայտարարեց, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) նույնպես խոսել էր «Իսկանդեր համակարգի օգտագործման հնարավորության մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան Արցախում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հիշյալ հայտարարության, մարտի վերջին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.
«Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ ժամանակակից հրթիռների և համազարկային համակարգերի նշանառության տակ: Ցանկացած սպառնալիք Հայաստանի կողմից` վճռականորեն կանխվելու է, հետևանքները Հայաստանի համար լինելու են ողբերգական և անդառնալի»:
Գրեթե նույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի պահեստի գնդապետ Շահին Ռամալդանովն  «АзерТАдж»-ին տված մեկնաբանությունում ասել է, որ ի պատասխան ՀՀ-ի կողմից «Իսկանդերի» օգտագործման, Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին, և այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել:
Ինքը` Ադրբեջանի ԶՈւ պահեստի գնդապետ Շ. Ռամալդանովը, իր այս հայտարարությամբ անուղղակիորեն խոստովանել է, որ Ադրբեջանը չունի «Իսկանդերի» հրթիռը խոցելու որևէ հնարավորություն, այլապես կասեր, որ «Իսկանդերի» օգտագործման դեպքում Ադրբեջանը «Իսկանդերի» հրթիռները կչեզոքացնի իր ունեցած ու դրա հնարավորությունն ունեցող այս կամ այն հակահրթիռով: Դրա փոխարեն, որպես Հայաստանի կողմից «Իսկանդերի» հնարավոր կիրառումը զսպելու, կանխելու միջոց, նա սպառնացել է «Իսկանդերի» կիրառման դեպքում Բաքվի կողմից նույնիսկ այդ ծայրահեղ քայլին գնալով` ՀԱԷԿ-ին հարվածելով:
Ինչ վերաբերում է մեր «Իսկանդերին», ամեն ինչ պարզ է. այն աշխարհում չունի իր նմանակը, Ադրբեջանի ունեցած սպառազինության համար գործնականում անխոցելի է, ունի շուրջ 300 կմ հեռահարություն ու թիրախին մեծ ճշգրտությամբ հարված հասցնելու հնարավորություն: Դրանով մենք կարող ենք շատ կարճ ժամանակաընթացքում անվրեպ խոցել ու շարքից հանել «Իսկանդերի» հրթիռների հասանելիության տիրույթում գտնվող Ադրբեջանի ռազմավարական նշանակության ռազմական ու տնտեսական օբյեկտներից (նավթի ու գազի հանքեր, տերմինալներ, մայրուղային խողովակաշարեր, օդանավակայաններ, զինապահեստներ, որոշ էլեկտրակայաններ և այլն) ցանկացածը:
Այլ խնդիր է Ադրբեջանից մեզ ուղղված սպառնալիքների իսկությունը` համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե ոչ, եթե համապատասխանում են, ապա դրանց ո՞ր մասն է համապատասխանում, ո՞ր մասն է շինծու, պարզապես մեզ վախեցնելու նպատակն ունեցող կամ ներքին սպառման, այսինքն` այսինքն սեփական հանրությանը հանգստացնելու կամ մոլորեցնելու համար: Ի վերջո, եթե սպառնալիքների թեկուզ մի մասը համապատասխանում է իրականությանը, առաջիկայում ի՞նչ պետք է անել դրանք չեզոքացնելու համար:
Նախքան այս հարցերին անդրադառնալը, նշենք, թե մենք ռազմավարական նշանակության և կարևորագույն ինչ օբյեկտներ ունենք, և դրանցից որո՞նք են Ադրբեջանի համար սկզբունքորեն անխոցելի: Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն ՀԱԷԿ-ը, Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայանները, Մատենադարանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանը, օդանավակայանները, զինապահեստները:
Գազի պահեստարանը սկզբունքորեն անխոցելի է հակառակորդի համար, քանի որ այն ստորգետնյա է, ավելին` ունի շուրջ 750–1050 մետր խորություն, որը խոցելի չէ ոչ միայն Ադրբեջանի սպառազինության կազմում գոյություն ունեցող, այլև, թերևս, աշխարհում առկա որևէ ռումբի և հրթիռի համար: Որքան տեղյակ ենք, Մատենադարանում գտնվող գանձերը նույնպես, գազապահեստարանի նման, թեև հասանելի, բայց խոցելի չեն Ադրբեջանի ունեցած հրթիռների ու ռումբերի համար, քանի որ գտնվում են ժայռային բացվածքում և բունկերային տիպի պահոցներում:
Հիմա անդրադառնանք մեր ռազմավարական նշանակության մյուս օբյեկտների խոցելիության հարցին: Բնականաբար, առաջին հերթին կարևորելով հենց ՀԱԷԿ-ը, նախ, փորձեցի պարզաբանումներ ստանալ ատոմակայանի առնչությամբ:
Ի պատասխան Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀԱԷԿ-ին հարվածելու առնչությամբ հիշյալ գնդապետի սպառնալիքի իրատեսական լինել-չլինելու վերաբերյալ իմ հարցի, Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Դե, այս տարիների ընթացքում Ադրբեջանը շատ բաներ է հոխորտացել, ասելը մի բան է, կարողանալը` բոլորովին այլ բան»:
Իսկ Ադրբեջանն ունի՞ զինատեսակներ, որոնց համար հասանելի են մեր ատոմակայանը:
«Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում եղած հրթիռային հեռահար միջոցները, որոնք մեզ հայտնի են, նման հեռահարություն չունեն, իսկ օդուժն էլ, չեմ կարծում, թե կկարողանա այդպիսի երկար թռիչք կատարել հակաօդային պաշտպանության միջոցներով մեր զինված ուժերի այսպիսի հագեցածության պայմաններում,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:- Էլ չեմ ասում, թե ինչ է նշանակում ատոմակայանի խոցում: Նկատի ունեմ տարածաշրջանային հետևանքները: Ատոմակայանը օդանավակայան չէ, ՀԱԷԿ-ի խոցման հետևանքները կվնասեն ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին, Թուրքիային և, ընդհանրապես, տարածաշրջանին: Ատոմակայանի խոցման տիրույթում մոտ 100 միլիոն բնակչություն կա, եթե նույնիսկ իրականանա այն ֆանտաստիկ տարբերակը, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարողանա իր հարվածը հասցնել ատոմակայանին»:
Պատասխանելով հաջորդ հարցին` Ադրբեջանը Պակիստանից գնած օպերատիվ-մարտավարական հեռահար հրթիռներ չունի՞, Ա. Հովհաննիսյանն ասաց.
«Ամեն դեպքում, այս պահի տվյալներով, մենք չգիտենք` Ադրբեջանն ունի՞ հրթիռներ, որոնք խոցում են 200-300 կիլոմետր հեռավորության վրա»:
Թեև մեկ այլ հարց է, թե Պակիստանի արտադրության մակարդակի հրթիռները տեղ հասնո՞ւմ են, այսինքն` ի՞նչ հուսալիություն և թիրախին խոցելու ճշտության ինչ աստիճան ունեն, սակայն նկատենք, որ ՀԱԷԿ-ը խոցելու համար 200-300 կմ հեռահարության հրթիռ ունենալը բոլորովին էլ պարտադիր չէ. Նախիջևանից Երևան ուղիղ գծով հեռավորությունն ընդամենը 44 կիլոմետր է:
Ըստ ռազմական որոշ փորձագետների, եթե Ադրբեջանը նույնիսկ չունի Պակիստանից, Թուրքիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից կամ որևէ այլ երկրից գնած և 200-300 կմ հեռահարություն ունեցող օպերատիվ-մարտավարական հրթիռներ, ապա դարձյալ երաշխիք չկա, որ Հայաստանի ունեցած С-300ПС և С-300ПТ զենիթահրթիռային համալիրները կկարողանան խոցել հակառակորդի ունեցած «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրների հրթիռները (Ադրբեջանը 2013թ. դրությամբ ուներ 4 հրթիռ): Պատճառն այն է, որ С-300-ի նշված տարատեսակները կամ տարբերակները հիմնականում ոչ թե հակահրթիռային, այլ հակաօդային պաշտպանության միջոցներ են, դրանց հակահրթիռային պաշտպանության ունակությունը գործնականում թույլ է: Այլ խնդիր է, որ դրանք նույնիսկ Նախիջևանից, Երասխի մոտից ՀԱԷԿ-ին ուղղելու պարագայում կարող են պարզապես տեղ չհասնել, եթե ունեն առավելագույնը ոչ թե 120, այլ 70 կմ հեռահարություն («Տոչկա-Ու»-ի հրթիռների երկու տարբերակն էլ գոյություն ունի, թե Ադրբեջանի ունեցածը դրանցից որի՞ց է, ինձ հայտնի չէ):
Ռազմական փորձագետներն այդ առումով կասկածում են նույնիսկ С-400-ի բավարար հնարավորության վրա, քանի որ այդ համալիրների հակահրթիռային գործառույթներն այնքան բարձր չեն: Հակահրթիռային համապատասխան ունակություններ ունեն C-300-ի B շարքի հրթիռները, որոնք հիմնականում հարմարեցված են հենց հրթիռների խոցման համար: Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ունիվերսալ բազմուղի զենիթահրթիռային С-300В («Антей-300В») համալիրներ ունի Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան (988-րդ զենիթահրթիռային գունդը), որը դրանցով, անշուշտ, կխոցի Ադրբեջանից արձակված ցանկացած մարտավարական, նույնիսկ օպերատիվ-մարտավարական հրթիռ (եթե Ադրբեջանն ունի նաև այդպիսին), առավել ևս` եթե այն ուղղված լինի ՀԱԷԿ-ին:
Հիմա անդրադառնանք հակառակորդի ունեցած ռազմական ավիացիայից բխող վտանգի հարցին: Մեր ատոմակայանը պաշտպանվում է ՀԱԷԿ-ից ոչ հեռու գտնվող հակաօդային պաշտպանության N զորամասի կողմից, որի պաշտպանության գոտին հասնում է Թուրքիայի սահմանին, Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի կողմից, և անցնում: Նշված զորամասի ոտ 200 կիլոմետր տրամագիծ ունեցող պաշտպանության ու պատասխանատվության գոտում են գտնվում Երևանը, «Զվարթնոց» և «էրեբունի»  օդանավակայանները, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, ՀՀ զինված ուժերի հրամանատարական կետը, թիկունքային կառավարման կետը, Հայաստանի Հանրապետության ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետը, զորքերի խմբավորումների մի մասը: 
ՀՕՊ վերոնշյալ զորամասի սպառազինության կազմում է նաև Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերի ամենամարտունակ, ամենամեծ հնարավորություններն ունեցող զինատեսակը` С-300-ը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար ՀԱԷԿ-ը գրեթե անհասանելի է: Սա փոքր-ինչ վերապահումով ենք նշում, քանի որ թռիչքի մեծ խտության պարագայում, այսինքն` ՀԱԷԿ-ի վրա հակառակորդի միանգամից, ասենք, 30-40 ինքնաթիռի միաժամանակյա գրոհի դեպքում С-300-ի թիրախային ուղիները (կանալները), որոնք 6-ն են ու համալիրին թույլ են տալիս միաժամանակ խոցել 6 օդային թիրախ` նրանցից յուրաքանչյուրի վրա արձակելով 2 հրթիռ, հակառակորդի բոլոր ինքնաթիռները ոչնչացնելու հնարավորություն չեն ընձեռի: Ճիշտ է, այդ ժամանակ գործի կդրվեն նաև այս և այլ զորամասերի ունեցած С-300-ները և  ՀՕՊ-ի մյուս միջոցները, բայց բոլոր օդային թիրախների խոցման 100 տոկոսանոց երաշխիք թերևս դժվար է տալ, եթե հակառակորդը միաժամանակ ՀԱԷԿ-ի կողմ, որպես կեղծ թիրախներ, ուղղի նաև իր անօդաչու թռչող սարքերը կամ, թեկուզ, ուղղաթիռներ` զոհաբերելով դրանց անձնակազմերին:
Բաց է մնում նաև հակառակորդի ունեցած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առավելագույնը 70-90 կմ (ըստ որոշ տեղեկությունների, 120 կմ) հեռահարություն ունեցող հրթիռների չեզոքացման խնդիրը, որի 12 հրթիռներից կամ արկերից յուրաքանչյուր 2 հատի մարտագլխիկների ընդհանուր քաշը գրեթե նույնն է, ինչ «Իսկանդեր» և «Տոչկա Ու» հրթիռների մարտագլխիկների քաշը` մոտ 480 կգ:
Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանի մարտավարական ճակատային Су-24 ռմբակոծիչներից մեկը (կարող է կրել ընդհանուրը մինչև 7 տոննա ռումբեր կամ մինչև 7,5 տ հրթիռներ) կամ մի քանիսը հասնեն ՀԱԷԿ-ին ու ռմբակոծեն, կամ ՀԱԷԿ-ին հասնեն «Սմերչ»-ի արկերը, Ադրբեջանի հրթիռները: Մեր հակահրթիռային պաշտպանության միջոցներն ունակ են Ադրբեջանից արձակված հրթիռները կամ այնտեղից օդ բարձրացած ինքնաթիռները հայտնաբերել թռիչքի սկզբնական փուլում, տագնապի ազդանշանի դեպքում ատոմակայանում կառավարվող շղթայական ռեակցիան կանգնեցնելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ատոմակայանի անձնակազմին: Պատասխանելով իմ այս հարցին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի տեղակալ (անվտանգության գծով) Հովիկ Աթոյանն ասաց.
«Ռեակտորը կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի րոպե, իսկ անվտանգության վիճակի բերելու համար ժամեր է պետք, 24 ժամ»:
Ենթադրենք, թե հակառակորդը հրթիռով կամ ռումբով կկարողանա խոցել ՀԱԷԿ-ը, և հարվածն այնքան հզոր կլինի, որ ատոմակայանի պաշտպանիչ շերտերը խորտակելով, կխփի արդեն կանգնեցված վիճակում գտնվող ռեակտորին, դրա հետևանքը նո՞ւյնը կլինի, ինչ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարինը, թե ավելի մեղմ, քանի որ ռեակտորը, ի տարբերություն Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորի, արդեն կանգնեցված վիճակում կլինի: Պատասխանելով այս հարցին, Հ. Աթոյանն ասաց.
«Նույնիսկ եթե աշխատանքի ժամանակ խփեն, հետևանքը նույնը չի լինի, որովհետև մեր ռեակտորն ընդհանրապես այլ տիպի է և համակարգերը նախատեսված են նույնիսկ այդպիսի հարձակումների դեպքում, անկախ մարդու միջամտությունից, շղթայական ռեակցիան դադարեցնելու համար»:
Այնուամենայնիվ, եթե թեկուզ շղթայական ռեակցիան դադարեցված լինի, բայց հարվածն այնքան հզոր լինի, որ ճեղքի ռեակտորի պատյանը, ի՞նչ կլինի:
«Մեր ռեակտորը հաշվարկված է այնպես, որ եթե նույնիսկ ծանր ինքնաթիռը, ասենք, «Իլ-86»-ի կամ «Բոինգ-747»-ի կարգի, ընկնի ուղիղ ՀԱԷԿ-ի շենքի վրա, որում կամ որի տակ ռեակտորն է, ոչ մի բան էլ չի լինի,- ասաց գլխավոր ճարտարագետի տեղակալը:- Կարող է որոշ վնասներ լինեն, բայց, բոլոր դեպքերում, միջուկային վթար չի լինի, միջուկային վառելիքին վնասել չի լինի»:
Հավելենք, որ «Իլ-86»-ի առավելագույն քաշը 215 տոննա է, իսկ «Բոինգ-747»-ի ամենաթեթև մոդիֆիկացիայի (747-100B) առավելագույն քաշը` ավելի քան 333 տ:
Երասխից մինչև Մեծամոր տարածությունը 75 կիլոմետր է, Նախիջևանի` Հայաստանին սահմանամերձ գոտուց մինչև Մեծամորի ԱԷԿ տարածությունը` մոտ 80 կմ, ինչը նշանակում է, որ «Սմերչի» արկերը ՀԱԷԿ-ին կարող են հասնել ավելի շուտ (թերևս մոտ 2 րոպեում), քան հնարավոր կլինի կանգնեցնել ռեակտորը (համեմատության համար նշենք, որ 60-ական թվականների արտադրության «Գրադի» արկի նվազագույն արագությունն ուղղորդող փողից դուրս գալու ժամանակ է և կազմում է վայրկյանում 50 մետր, իսկ առավելագույն արագությունը վայրկյանում 715 մետր է): Այլ խնդիր է, որ «Սմերչի» և «Տոչկա Ու»-ի մարտագլխիկների քաշը և հզորությունը թույլ չեն տա վնասել ռեակտորը: Ադրբեջանի ունեցած ավիառումբերի քաշն ու հզորությունը նույնպես բավարար չէ այդ նպատակին հասնելու համար:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից