Դատական ակտերի վրա շեշտադրում չանելը նվազեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արդյունավետությունը

Եվ հաջողության հասնելու հեռանկարը

20-04-2017 21:11:45   | Հայաստան  |  Քաղաքական
 


 
Հայոց ցեղասպանության դատապարտման իրավական հիմքերի արդի կողմերի և առաջնահերթության շուրջ է ստորև ներկայացվող հարցազրույցը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:
- Որքան էլ տարօրինակ ու զարմանալի է, թերևս նույնիսկ անհեթեթ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև իրավագետների, քաղաքագետների, քաղաքական գործիչների մեծամասնությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում անցած տարիների ընթացքում չեն կարևորել, չեն օգտագործել կամ բավարար չափով չեն օգտագործել Հայոց ցեղասպանության առնչությամբ գոյություն ունեցող դատական ակտերը: Այդ կարևոր փաստաթղթերն ա՞յժմ էլ չեն օգտագործում որպես փաստարկներ:
- Ի տարբերություն ցեղասպանության ցանկացած այլ փաստի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դատական ակտերի վրա շեշտադրում չանելը, դրանք որպես հիմնական փաստարկներ շրջանառության մեջ չդնելը, որքան էլ որ դա ոչ իրավաչափ լինի, ցավոք, դեռևս շարունակվում է և նվազեցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արդյունավետությունը և հաջողության հասնելու հեռանկարը: Խոսքս, առաջին հերթին, հենց թուրքական ազգային դատարանների կողմից 1919-1920թթ. կայացած այն դատավճիռների մասին է, որոնցով «Իթթիհադ»-ը` երիտթուրքերի ղեկավար կուսակցությունը, թուրք բարձրաստիճան զինվորականները, պետական ու կուսակցական գործիչներն ու այլ պաշտոնյաներ դատապարտվել են էթնիկ հատկանիշով պայմանավորված անձանց զանգվածային սպանդ կազմակերպելու ու իրականացնելու, ինչպես նաև բռնի տեղահանումների համար:
- Ի՞նչ նկատառումներով է թելադրված դատական այդ ակտերը կամ դրանց կարևորությունն անտեսելու դիրքորոշումը, մասնավորապես` ինչո՞ւ տարաբնույթ ու հավաստի բազմաթիվ պատմական փաստերի կողքին չեն դրվում նաև ոչ պակաս արժեքավոր կամ թերևս առավել արժեքավոր ու իրավական մեծարժեք դատական ակտերը:
- Շատերը հակված են սոսկ այն տեսակետին, թե այդ հարցի հիմքում ընկած է բացառապես հոգեբանական գործոն, ըստ որի, տևական ժամանակ Թուրքիայի ժխտողական քաղաքականության համատեքստում ձևավորվել է համոզմունք, համաձայն որի, անիմաստ է կեղծիքները որպես քաղաքականության անդավաճան լծակ օգտագործող թուրքական կողմից սպասել արդարության, այդ թվում` արդարադատության որևէ դրսևորում:
Վերոհիշյալ հոգեբանական գործոնի առկայությունը չժխտելով հանդերձ, չեմ կարող չնկատել, որ դրան անհամարժեք և անհարկի նշանակություն է տրվել: Չպետք է անտեսել նաև այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են ոչ բավարար իրազեկվածությունը, նշված դատական ակտերի իրավական արժեքի վերաբերյալ անհամարժեք գնահատականները և, վերջապես, իներցիոն մտածելակերպը, որը հաճախ հանգեցնում է կարծրատիպերի ձևավորման:
Նշածս խոչընդոտների հաղթահարումը, թերևս, հնարավորություն կտար ընկալելու, որ թուրքական դատարանների կողմից ժամանակին զանգվածային բնաջնջումները դատապարտող ակտեր կայացնելը բնավ թելադրված չի եղել արդարադատության մարմաջով, որ դրանք հիմնականում պայմանավորված են եղել տվյալ պետության միջազգային ու ներազգային մի շարք այնպիսի ազդակներով, որոնք պատմական տվյալ ժամանակաշրջանում հնարավոր են դարձրել այդպիսի գործընթացներ, այդպիսի դատական ակտերի կայացում:
- Ի՞նչ փաստեր կան, որ այդ ազդակները սոսկ պատմական տվյալ իրավիճակով են թելադրված եղել և բնավ չեն բնութագրում թուրքական քաղաքականության էությունը:
- Դա ապացուցվում է թեկուզ այն փաստով, որ արդեն 1923թ. մարտի 31-ին, այսինքն` դատավարություններից ընդամենը 2 տարի անց, Թուրքիայում հայտարարվեց համաներում, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին բոլոր այն ոճրագործները, որոնք դատապարտվել էին Թուրքիայի զինվորական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանների կողմից: Ընդգծեմ, որ թուրքական դիավանագիտությունն ևս ամեն ինչ արել է, որպեսզի հիշյալ դատական ակտերը չհայտնվեն քաղաքական բանավեճերի տեսադաշտում, չդառնան քննարկման նյութ, հնարավորինս հայտնի չլինեն հանրության լայն շրջանակներին, ինչը տևական ժամանակ նրանց հաջողվել է: Սակայն, երբ դրանք անխուսափելիորեն դարձան հրապարակային քննարկման նյութ, գործի դրվեցին դրանց իրավական հիմնավորվածությունը և հավաստիությունը կասկածի տակ դնելուն կոչված արդեն չակերտավոր փաստարկներ:
- Ինչո՞ւ չակերտավոր, կարելի՞ է ասել, որ այդ դատական ակտերը համապատասխանում են միջազգային չափանիշներին:
- Այն կարծիքին չեմ, թե դրանք խստորեն համահունչ միջազգային չափանիշներին կամ, թեկուզ, Թուրքիայի այն ժամանակվա ներպետական իրավունքին: Սակայն, բնորոշն այն է, որ թուրքական քաղաքականությունը կառուցված է անգամ այդ կարգի դատական ակտերում արձանագրված փաստերն ամբողջովին ժխտելու ձգտումների վրա: Պարզվում է, շուրջ 100 տարի անց, թուրքական գործիչներն ու իրենց գիտնական հորջորջողները կասկածի տակ են առնում իրենց իսկ ազգային դատական ատյանների դատավճիռները:
Ցեղասպանության յուրաքանչյուր փաստի արձանագրման, ընդհանրապես, որևէ արարք հանցագործություն որակելու համար անվերապահորեն անհրաժեշտ է մեղադրական դատական ակտ: Սա անվիճելի սկզբունք է, որն իր ամրագրումը ստացել է բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերում և ճանաչվել ազգային իրավական համակարգերով: Ընդ որում, այս տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դրույթները, որոնք խնդիրը կարգավորման նյութ են դարձրել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Ընդհանրապես, միջազգային իրավունքի փաստաթղթերն անդրադառնալով այս խնդրին, հարցը քննարկման առարկա են դարձնում հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից. տվյալ դեպքում շեշտադրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում հենց այս հանգամանքն է շեղել Հայոց եղեռնի միջազգային ճանաչման գործընթացների հունը: Այդ գործընթացները պարփակվել են բացառապես քաղաքական հարթությունում պատմական փաստաթղթերի հիման վրա խնդիրը քննարկելու ու ճանաչելու գաղափարախոսության մեջ:
Նկատի ունենանք, որ քանի դեռ Հայոց եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը սահմանափակվում է սոսկ այս կամ այն երկրի օրենսդիր մարմնի կողմից որևէ իրավական եղանակով ու ձևով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով կամ կատարվածը քաղաքական նշանակությամբ դատապարտելով, դրանց որևէ իրավական նշանակություն չի տրվում, դրանք չեն դառնում իրավական հետևանք առաջացնող փաստաթղթեր: Առավելագույն արդյունքը տվյալ դեպքում այն է, որ դրանք այս կամ այն կերպ նվազեցնում են Թուրքիայի միջազգային վարկը և անուղղակիորեն առաջացնում այդ երկրի կողմից Հայոց եղեռնը ևս ընդունելու ոչ միանշանակ պարտավորություն: Ինչ խոսք, անգամ այս զարգացումները չեն կարող անտարբեր թողնել թուրքական կողմին, որը հետևողականորեն ու միջոցների մեջ որևէ խտրություն չդնելով, մշտապես ձգտել ու ձգտում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: 
Սակայն, երբ Հոլոքոստի առնչությամբ որոշ եվրոպական երկրների կողմից այն ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու գործընթացն իր արձագանքն ունեցավ նաև Հայոց ցեղասպանության համատեքստում, շատ արագ  փոխվեց ոչ միայն քաղաքական բանավեճերի հարթակը, այլև բուն փաստարկների իրավական արժեքը: Անմիջապես պարզ դարձավ, որ, այսպես ասած, դասական եղանակներով Հայոց եղեռնի միջազգային ճանաչման, առավել ևս` այն ժխտելու կամ դրա նշանակությունը մեղմելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հեռանկարը խիստ խոցելի է:
Նման դեպքերում, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի, վերջապես հայրենական դիվանագիտությունը հարկադրված կլինի լրջորեն անդրադառնալ Հայոց եղեռնը նաև դատական համապատասխան ակտերով հիմնավորելու խնդրին և չի բավարարվի սոսկ պատմական փաստերի լուսաբանմամբ:
Կարծում եմ, որ Թուրքիային հաջողվել է ոչ միայն խիստ կարևոր քննարկումներում տեսադաշտից տևական ժամանակով հեռու պահել հիշյալ դատական ակտերը, այլև պարտադրել խնդրի հետազոտման ու քննարկման իր կանոնները, որոնք մի կողմից բարենպաստ են թուրքական քաղաքականության տեսանկյունից, մյուս կողմից` ձևավորում են խնդրի քննարկման այնպիսի ավանդույթներ, որոնք այն ուղղորդում են փակուղի, հնարավորություն չեն տալիս արմատապես վերանայել ձախողված կարծրատիպերը:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից