Տեղի է ունեցել Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը

20-04-2017 19:26:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 20-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: 
 

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի գործող օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներին և, որ շուտով նման նախաձեռնություններ կներառվեն նստաշրջանի օրակարգում:
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է.
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ  օրենքում  փոփոխություններ կատարելու  մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է 450.0մլն դրամով ավելացնել ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Սույն օրենքով 450.0 մլն դրամով ավելացվելու է նաև ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:
 
Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:
 
Նիստի երկրորդ մասում պատգամավորներին ներկայացվեցին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի տարեկան զեկույցը և «Սեյսմիկ պաշտպանության  արևելյան ծառայություն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մխիթար Գրիգորյանի՝ կառույցի 2016թ. գործունեության մասին հաղորդումը: 
 
Խոսելով ՄԻՊ գրասենյակի 2016 թվականի գործունեության մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ  հաշվետու տարվա ընթացքում  115 բնակիչ 114 դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին, ինչը, ցուցանիշների առումով, գրեթե անփոփոխ է 2015-ի համեմատ:   
 
«Սեյսմիկ պաշտպանության  արևելյան ծառայություն»  ՊՈԱԿ գործադիր տնօրեն  Մխիթար Գրիգորյանը, ներկայացնելով տարեկան հաղորդումը, ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից գիտական և պրակտիկ աշխատանքների արդյունքները և մտահոգություն հայտնել կառույցում պահանջված մասնագետների բացակայության առթիվ:
 
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին և կարծիք հայտնել ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
 
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել  Հայկ Խանումյանը:
 
Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով:
 
Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են Բերձորի հիվանդանոցի շինարարությանը, դպրոցական սննդի անվտանգությանը, գյուղաբնակների դեղորայքային ապահովման եղանակի համակարգմանը, բժշկական ապահովագրության ներդրման նպատակահարմարությանը, զինծառայողների որոշակի կատեգորիայի բնակարանային վարձի տրամադրման կարգին և այլ թեմաների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
 
 
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից