Վարչական տույժերի խստացումից մինչև քրեական գործի հարուցում` ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար

20-04-2017 14:43:03   | Հայաստան  |  Հասարակություն
 

Հայաստանում աղբահանությունն ու սանիտարական վիճակը ողբերգական է և դուրս վերահսկողությունից: 
Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում նկատեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ընդգծելով, որ աղբի կուտակման և դրա հետևանքով առաջացած ծայրահեղ վատ վիճակի հիմնական մեղավորները շատ դեպքերում մարզպետներն են ու համայնքի ղեկավարները: 
Ըստ նրա` հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական ներկայիս վիճակի մասին պարզ է դարձել «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի արդյունքում, որը գործադիրի ղեկավարը կապում է վերոնշյալ պատասխանատուների կողմից իրենց պարտականություններն ուղղակի չկատարելու հետ:  
Վիճակը շտկելու, եղած աղբակույտերը հավաքելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար Կ. Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց: 
Մասնավորապես, Արդարադատության նախարարին նա հանձնարարեց քննարկել և կառավարությանը ներկայացնել օրենսդրական առաջարկություն աղբահանության և սանիտարական վիճակը խաթարելու դեպքում պատասխանատվության, վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժշետության նաև քրեական գործ հարուցելու վերաբերյալ: 
Վերջինս տեղեկացրեց, որ սանկցիաների վերանայման կարիք կա. «Առավել հստակ կանոնակարգելու, ո՞ր դեպքում, ի՞նչ պատասխանատվություն պետք է վրա հասնի: Վարչական իրավախախատումների նոր օրենսգրքում կսահամանենք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Իսկ ահա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավորվեց  Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միջոցով կանխել չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը:
«Անթույլատրելի վիճակ է հանրապետությունում: Մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի աղբահանությունից: Պարոն Կարայան Սևանի կղզու կողքը, տուրիստական զոնաներում ուշադրություն եք դարձնում: Մեկ շաբաթվա ընթացքում կարգավորում եք: Սևանի ճանապարհին ձուկ վաճառողների փաթեթեները, եթե քամի ա` օդի մեջ ա, եթե չէ` հատակն ա փակում»,- ընդգծեց վարչապետը: 
Ի պատասխան վարչապետի հանձնարարականի` ոստիկանապետը նշեց, որ իրենք աշխատելու են կանխել նման դեպքերը,  սակայն պետք է հաշվի առնել, որ երբ ինչ-որ մեկը ճանապարհին աղբ է թափում, ապա ոստիկանության միջամտությունը ապադյուն է:
Կ. Կարապետյանը հորդորեց ոստիկանությանը վարվել այնպես, ինչպես պատկերացնում են. «Լավ-վատ, ո՞նց պատկերացնում եք՝ արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի, գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից