Վարչապետը հանձնարարեց գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը

20-04-2017 13:56:56   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ կառավարության ապրիլի 20-ին կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին հանձնարարականով անդրադարձավ 
ճանապարահաշինության խնդիրներին ու միասնական երթուղային ցանցի ստեղծմանը:
Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։
Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վեաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ»։
Բացի այդ, նա հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը։
«Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը, քննարկել կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող մոդելի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկներ»,- ասաց Կ. Կարապետյանը։
Վերջինս ՀՀ մարզպետներին հանձնարարեց տրանսպորտի նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։
Վահան Մարտիրոսյանը պարտավորվեց մինչև 2017 թվականի հունիսի մեկը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։
Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից