Արման Թաթոյանը մասնակցել է Վրաստանի Հանրային պաշտպանի հաստատության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

20-04-2017 12:54:29   | Վրաստան  |  Իրավունք
Թբիլիսիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վրաստանի Հանրային պաշտպանի հաստատության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը։
 


Պաշտպանը հանդես է եկել ելույթով, որով միջոցառմանը ներկա գտնվող բարձրաստիճան մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացման հայաստանյան փորձը, օրենսդրական զարգացումները, խոսել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների մասին։
 
Մասնավորապես, ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, որոնք կոչված են բարձրացնելու Պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը:
 
Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Պաշտպանի համագործակցության փորձին։
 
Իր խոսքում Արման Թաթոյանը բարձրացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցը։
 
Վերջում խոսելով Հայաստանի և Վրաստանի Պաշտպանների աշխատակազմերի միջև ընդլայնված համագործակցության փորձի մասին՝ Արման Թաթոյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարածաշրջանային հարատև համագործակցությունը։
 
Միջոցառման շրջանակներում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար Գունտեր Կրաուտեր և Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ։
 
 
 
 
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից