«Էյրբաս»-ի մրցույթում մեր ռազմական ավիացիայի երիտասարդ մասնագետներն առաջ են անցել Հայաստանից անհամեմատ հզոր երկրներից (տեսանյութ և ֆոտոշարք)



15-04-2017 21:41:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

 
«Էյրբաս»-ի հայտարարած մրցույթում մեր ռազմական ավիացիայի երիտասարդ մասնագետների ունեցած հաջողության շուրջ է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, մայոր ԱՐԱՄ ԲԱՂԻՅԱՆԻ հետ ստորև ներկայացվող հարցազրույցը:
- Դուք և ձեր ուսանողներից բաղկացած «Արարատ» անվամբ թիմը` 4-րդ կուսից Հայկ Օհանջանյանը, Ռուբիկ Զաքարյանը, Վլադիմիր Ղարիբյանը և 2-րդ կուրսից Հենրիկ Հակոբյանը, մասնակցում եք «Էյրբաս» համաեվրոպական ինքնաթիռաշինական ընկերության հայտարարած մրցույթին, և արդեն իսկ հաջողություն եք ունեցել` անցյալ տարեվերջին հաղթահարելով մրցույթի 1-ին փուլը և անցնելով երկրորդ փուլ: Ինչպե՞ս ծնվեց այդ մրցույթին մասնակցելու նախաձեռնությունը, ի՞նչ գաղափար եք ներկայացրել, որ ընդունվել է եվրոպական այդ լուրջ ու հեղինակավոր կազմակերպության կողմից:
- Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացանք այն ժամանակ (2016թ.) պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տռնոյանից, կազմակերպեցինք թիմի ընտրությունը` կուրսանտներից ընտրելով լավագույններին և ընդգրկելով թիմի կազմում: Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերն առցանց ձևաչափով են: Թիմն «Էյրբասում» գրանցվելուց հետո ներկայացրեց մեր մտահղացումը` ինտելեկտուալ տեսողական համակարգի միջոցով ինքնաթիռների դեֆեկտների և վիճակի գնահատման համակարգը:
Առաջին փուլում ներկայացրեցինք մեր մտահղացման նկարագիրը` գոյություն ունեցող ինչ խնդիրներ կան, ինչ լուծումներ ենք առաջարկում, ինչում է կայանում մեր առաջարկի էությունը: Մեր կողմից առաջարկվող համակարգը կոչվում է թռչող սարքերի պլաների տեխնիկական վիճակի վիզուալ ախտորոշման, վերլուծության և կանխատեսման համակարգ: Համակարգն աշխատում է երեք ռեժիմով: Ախտորոշման ռեժիմում հայտնաբերվում են բոլոր դեֆեկտները, լոկալ և գլոբալ ձևախեղումները, ինչպես նաև միկրոճաքերը:
Վերլուծության ռեժիմում գնահատվում են այդ դեֆեկտների առաջացման պատճառները, իսկ կանխատեսման ռեժիմում հնարավորություն կա որոշելու, թե ապագայում ինչ վիճակում է լինելու ինքնաթիռը` կախված թռիչքի պարամետրերից և ռեժիմներից: Այսինքն` համակարգը հնարավորություն ունի կանխատեսել, թե ինքնաթիռի պլաներում (կորպուսում) եղած ձևախեղումները փոփոխությունների կենթարկվե՞ն կամ ի՞նչ փոփոխությունների կենթարկվեն որոշակի իրավիճակներում:
Մեր մտահղացման հիմնական մասը միտված է թռիչքների անվտանգության ապահովմանը կամ բարձրացմանը: Համակարգի հիմնական նպատակը թռիչքների անվտանգության ապահովումն է, ինչպես նաև ինքնաթիռների սպասարկման ժամանակի և միջոցների կրճատումը:
Երկրորդ փուլ անցնելուց հետո մեր խմբի անդամները կապ հաստատեցին «Էյրբասի» կողմից նշանակված մենթորի և փորձագետի հետ: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր առաջարկվող լուծման տնտեսական մասը, այսինքն` սպասարկման ժամանակի կրճատումը, սպասարկման ընթացքում օգտագործվող ուժերի, միջոցների կրճատումը, որովհետև մեր առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս ավտոմատացնել գործը և փոխարինել մի քանի խումբ մասնագետների, որոնք շաբաթներով աշխատում են ինչ-որ դեֆեկտի հայտնաբերման համար:
Մեր առաջարկած համապատասխան սարքը կամ համակարգը մի քանի ժամվա ընթացքում կարող է նույն գործը կատարել, ընդ որում, ավելի լավ որակով, որովհետև կան որոշակի իրավիճակներ, որոնց դեպքում մարդու աչքը կամ եղած տեխնիկական լուծումներն ու միջոցներն ուղղակի թույլ չեն տալիս հայտնաբերել եղած որոշակի ձևախեղումները, օրինակ, գլոբալ ագրեգատների դեֆորմացիաները: Տվյալ դեպքում մենք նորարարական լուծում ենք առաջարկել դրանք հայտնաբերելու համար:
- Մասնակցող մյուս թիմերի կողմից կա՞ն նման նորարարական առաջարկներ:
- Դրանք հիմնականում հայտնի, արդեն առաջադրված խնդիրների լուծումների տարբերակներ, նոր մեթոդներ են: Մինչդեռ, մեր առաջարկն ընդհանրապես նորույթ է և աշխարհում նմանը չունեցող մոտեցում, որովհետև այդպիսի խնդիր` ինքնաթիռի վրա միանգամից հայտնաբերել թե՛ լոկալ ձևախեղումները, թե՛ միկրոճաքերը, ինչպես նաև գլոբալ` ամբողջական ագրեգատների (շարժիչի արտաքին մասի, թևի, կիլի, իրանի և այլնի) ձևախեղումները, որոնք նույնպես անզեն աչքով անհնար է հայտնաբերել, մինչ այդ ընդհանրապես առաջադրված չի եղել, այդ խնդիրն առաջադրվել է մեր կողմից: Մեր առաջարկած համակարգը թույլ է տալիս այդ ամենը հայտնաբերել, ինչպես նաև ստանալ ինքնաթիռի տվյալ իրավիճակի եռաչափ մոդելը: «Էյրբաս»-ի փորձագետների կողմից դրան նույնիսկ նոր եզրույթ տրվեց` «ինքնաթիռի ավատար»: Վիրտուալ իրականության մեջ ինքնաթիռի պրոֆիլը, բոլոր փոփոխությունները ստանալը և դրանք հաշվի առնելու հնարավորությունը նրանց շատ է հետաքրքրել:
- Իսկ համակարգն ի՞նչ ճշտությամբ է հնարավորություն տալիս պարզել այդ փոփոխությունները:
- Շատ մեծ: Խնդիրը կապված է ինքնաթիռի սպասարկման ժամանակի հետ: Մեր համակարգում ներառված են գերճշգրիտ սարքեր, որոնց կիրառումը կարող է դանդաղեցնել ինքնաթիռի սկանավորման գործընթացը: Այդ թերությունը հաղթահարելու համար մենք կիրառել ենք որոշակի մոտեցումներ ու գտել փոխզիջումային լուծում սպասարկման ժամանակի ու ճշգրտության միջև: Մասնավորապես` առաջարկում ենք օգտագործել միջին ճշգրտության լազերային համակարգ (ԼԱՅԴԱՐ համակարգ), որը հեռաչափ է, այն համապատասխան ծրագրային ապահովում ունեցող (ծրագրային ապահովումը մշակման ընթացքում է) համակարգչի միջոցով համատեղ աշխատեցնել ստերեոտեսողական համակարգի հետ և դրանց միջոցով հայտնաբերել ինքնաթիռի վտանգավոր տեղամասը կամ տեղամասերը: Ախտորոշման այդ փուլում մենք հայտնաբերում ենք լոկալ ձևախեղումները, գլոբալ ձևախեղումները և միկրոճաքերը: Ինքնաթիռի ամբողջ մակերևույթը սկանավորելուց հետո, մենք վիճակագրական մեթոդների կիրառմամբ կարողանում ենք հայտնաբերել որոշակի տիրույթներ, որտեղ միկրոճաքերի առկայության հավանականությունը մեծ է: Այդ տիրույթներում արդեն կիրառում ենք գերճշգրիտ լազեր, որը որոշակի այդ հատվածում է աշխատում և կարող է հայտնաբերել միկրոճաքերը մինչև 1 միկրոնի ճշտությամբ:
Այդ տեղամասերը հայտնաբերելուց հետո որոշում ենք ձևախեղումների, միկրոճաքերի առաջացման պատճառները, թռիչքի մասին տեղեկատվություն պարունակող սարքից («սև արկղից») վերցնում ենք տեղեկությունները, փոխանցում համակարգիչ, համակարգչում հաշվարկների միջոցով ստացվում են տվյալ ձևախեղմանը կամ միկրոճաքերին համապատասխանող թռիչքի պարամետրերը: Այսինքն` մենք վերլուծության այս փուլում արդեն որոշում ենք, թե որոշակի ձևախեղումը կամ միկրոճաքերն ինչ պատճառով կամ պատճառներով են առաջացել: Այնուհետև այդ ամենն ուղղվում է նեյրոնային ցանց (ծրագիր, որն իրենից ներկայացնում է նեյրոնային ցանցի մոդելը), որը մուտքային այդ տվյալների (ձևախեղման չափ, թռիչքային պարամետրեր) հիման վրա հիշում, սովորում է ու կարողանում է ձևախեղման վերաբերյալ տրված տվյալներին համապատասխան, գտնել թռիչքի պարամետրերը, և հակառակը` թռիչքի պարամետրերից ելնելով, ցույց տալ, որոշակի ձևախեղումների, միկրոճաքերի առաջացումը, այսինքն` կանխատեսել, թե թռիչքի ինչ պարամետրերի դեպքում ինչ ձևախեղումներ, միկրոճաքեր կառաջանան: Աշխարհում մեր այս առաջարկից բացի, գոյություն չունեն տեխնիկական լուծումներ` նախատեսված հենց դրանց որոշման համար, իսկ մեր համակարգը երբ ստանում է որոշակի պահին ինքնաթիռի եռաչափ մոդելը կամ պատկերը, այն համեմատելով նույն ինքնաթիռի գործարանային մոդելի հետ, հայտնաբերում է, թե ինչ տարբերություններ են առաջացել գլոբալ առումով:
Շատ հետաքրքիր լուծում ենք առաջարկել լոկալ ձևախեղումները հայտնաբերելու նպատակով: Լազերային և ստերեոտեսողական համակարգերի հետ համատեղ աշխատում է նաև պրոյեկտոր, որը շախմատի տախտակ է արտապատկերում ինքնաթիռի մակերևույթին, և եթե առկա են ձևախեղումներ, այդ տախտակի գծերը կամ վանդակները ստանում են ձևախեղումներ, այսինքն` գծերը փոխում են իրենց ուղղությունները և զուգահեռ չեն լինում իրար:  
Տեղեկացնեմ նաև, որ համակարգչի ծրագրային ապահովման, ինչպես նաև տեխնիկական հարցերում մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերել «Իմպրովիզ» ընկերության թիմը, ովքեր զբաղվում են գիտական ծրագրավորմամբ ու մասնագիտացած են արհեստական ինտելեկտի, արհեստական տեսողության ոլորտներում ծրագրային լուծումներ մշակելու գործում:
- Կարողացե՞լ եք ձեր համակարգը գործնականում երբևէ փորձարկել:
- Մենք փորձարկել ենք մոդելավորման միջոցով և շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստացել: Ավելին. մեր թիմն արդեն 2-րդ փուլի շրջանակում ստերեոտեսողական համակարգ է կիրառել քաղաքացիական իրական ինքնաթիռի վրա, որպեսզի եռաչափ մոդելը ստանա, ու թևի և իրանի միացման հատվածում հայտնաբերել է որոշակի ձևախեղումներ այդ սարքի միջոցով:
- Ձեր թիմից բացի, ո՞ր երկրների ներկայացուցիչները կարողացան անցնել մրցույթի 2-րդ փուլ:
- Առաջին փուլին մասնակցում էր 356 թիմ` 89 երկրից: Չինաստանից, եթե չեմ սխալվում, 53 թիմ էր, Հնդկաստանից` 127: Երկրորդ փուլ անցավ 356-ից լավագույն 50-ը: Տարածաշրջանից միայն մեր թիմն էր, որ անցավ մրցույթի հաջորդ փուլ: Թուրքիայի 4 և Իրանի 7 թիմերից ոչ մեկը չի անցել 2-րդ փուլ: Վրաստանից և Ադրբեջանից ընդհանրապես որևէ թիմ չէր մասնակցում մրցույթին, իսկ հայաստանյան համալսարաններից միայն մեր թիմն էր մասնակցում: Համեմատական կարգով ասեմ, որ Ռուսաստանի 12 թիմից 2-ն են անցել, Միացյալ Նահանգների 12 թիմից` մեկը, ընդհանրապես, Ամերիկա աշխարհամասից 2 թիմ է անցել, մեկը ԱՄՆ-ի այդ թիմը, մյուսը` Բրազիլիայից: Ամբողջ Եվրոպայից 16 թիմ է անցել 2-րդ փուլ, օրինակ, Շվեդիայից էլ թիմեր կային, որոնք չանցան հաջորդ փուլ, մենք Եվրոպայի թիմերի շարքում կլինեինք, եթե «Էյրբասը» մեզ ընդգրկած չլիներ Ասիան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ներկայացնող թիմերի խմբում:
- Մրցույթի վերջնափուլ դուրս գալու և, ի վերջո, մրցույթում հաղթելու դեպքում ի՞նչ պարգևատրում կամ հնարավորություններ են տրվելու հայաստանյան թիմին:
- Վերջնափուլ է անցնելու 5 թիմ, մրցույթի այդ մասը հիմնականում տեղի է ունենալու Ֆրանսիայում, Թուլուզում գտնվող «Էյրբաս»-ի գլխամասային գրասենյակում, մայիսի 10-17-ի ընթացքում: Այնտեղ շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված` էքսկուրսիաներ ավիացիայի թանգարան, «Էյրբաս»-ի արտադրական ձեռնարկություն և այլն: Վերջին օրը մրցույթը լինելու է պաշտպանության ձևաչափով, այսինքն` ամեն թիմ առավելագույնս լավ ներկայացնելու է իր մտահղացումը և ժյուրիի ու փորձագետների մոտ պաշտպանելու է իր առաջարկը, պատասխանելու է նրանց հարցերին: Հաղթողին, որը որոշվելու է տեղում, տրվելու է 30 000 եվրո, ինչպես նաև «Էյրբաս»-ի հենքի վրա, այսինքն` նրանց միջոցները, լաբորատորիաներն օգտագործելով, իր մտահղացումը կյանքի կոչելու` իրական համակարգը ստեղծելու հնարավորություն: Կա նաև մրցանակային 2-րդ տեղ, երկրորդ տեղը զբաղեցնողին տրվելու է 15 000 եվրո:    
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից