Լևոն Ալթունյանը եղել է Արտաշատի բժշկական կենտրոնի շինհրապարակում

17-03-2017 19:54:43   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ ծանոթացել է Արտաշատի բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին։  Արտաշատի տարածաշրջանի ավելի քան 90 հազար բնակչի սպասարկող եռահարկ կենտրոնը, որ գտնվում էր անբարեկարգ վիճակում, հիմնանորոգվում և արդիականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  հանձնարարականով` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում։
 


Տեղում քննարկվել են կենտրոնի ծառայությունների  միավորման, տարածքն առավել արդյունավետ օգտագործման և այլ հարցեր։  Նախարար Ալթունյանը կենտրոնի տնօրենին  առաջարկել է նախարարության մասնագետների հետ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել բոլոր դետալները, որպեսզի շահագործման ժամանակ թեկուզ փոքր խնդիրներ չլինեն։
Կենտրոնի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման  աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի օգոստոսին։  Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների շուրջ 35%-ը:
Շինարարական աշխատանքներն  իրականացնող կազմակերպության ղեկավարը նախարարին վստահեցրել է, որ աշխատանքները այսուհետև ևս կշարունակվեն առանց ժամանակացույցից շեղվելու։  
Նշենք, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերին։ Ծրագրի շրջանակներում Արտաշատի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Նախատեսված է իրականացնել նաև կենտրոնի արտաքին բարեկարգումը։ 
  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից