Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

17-03-2017 16:49:38   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը` բարձրորեն գնահատելով այն աշխատանքը, որ իրականացվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտնող խնդիրների արդարացի լուծման գործում: Այս համատեքստում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ հոգևորականների բերած հոգեխնամ ծառայությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես` ՀՀ Զինված ուժերում, հիվանդանոցներում և քրեակատարողական հիմնարկներում` ի նպաստ նաև այդ կառույցներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության:
Իր հերթին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության մասին, կարևորեց վերջինիս և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև գործակցությունը: 
Զրույցի ընթացքում խոսվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: 
Վերջում Նորին Սրբությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մաղթեց Աստծու զորակցությունը դժվարին իր առաքելության մեջ: 
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից