Բենիամին Նաթանյահու՝ արյունարբու խելագար, որի գաղափարախոսությունը ռասիզմն է

Սա Իրանի խորհրդարանում հրեաների պատգամավոր Սիամաք Մերե Սեդղի բնութագրումն է

17-03-2017 14:54:17   | Իսրայել  |  Քաղաքական
 


 
 
Իսրայելի վարչապետ Բենիամիան Նաթանյահուն վերջերս հայտարարել է, որ  իրանցիները պատմության ընթացքում և ներկայումս էլ փորձում են ոչնչացնել հրեաներին:
Նաթանյահուի այս հայտարարությունն Իրանում բուռն արձագանքի և հակազդեցության տեղիք է տվել: Իրանի խորհրդարանում նույնիսկ հրեաների պատգամավորն է հանդես եկել Իսրայելի վարչապետի ու նրա հիշյալ ելույթի դեմ:
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում հրեաների պատգամավոր Սիամաք Մերե Սեդղը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին օրերս բնութագրել է որպես արյունարբու խելագար, որի գաղափարախոսությունը ռասիզմն է:
Ըստ «Խանեյե Մելլաթ» (ժողովրդի տուն) լրատվական գործակալության հաղորդման, Սիամաք Մերե Սեդղը մարտի 14-ին Իրանի խորհրդարանի դռնբաց նիստում ունեցած ելույթում ասել է.
«Իսրայելի վարչապետն արյունարբու խելագար է, ով շահարկելով կրոնական արժեքները, կոտորում է անմեղ մարդկանց և օկուպացնում նրանց տարածքները, իսկ  ռասիզմը համարում է իր գաղափարախոսությունը»:
Հրեաների պատգամավորն ասել է նաև. «Օկուպացիոն իշխանության չարանենգ վարչապետի նման ոճրագործ ու ռասիստ անձանց անհեթեթ հռետորաբանությունը դույզն չափով չի կարող ազդել Իրանի ազնիվ ու հավատացյալ ժողովրդի  գործունեության նկատմամբ ազատախոհ հրեաների ունեցած հավատքի վրա»:
Նշելով, որ բոլոր իրանցիները միասնաբար երկրի ներքին հարցերին ցանկացած օտարերկրյա միջամտություն համարում են Իրանի ազգային շահերի դեմ արված քայլ, Իրանի խորհրդարանում հրեաների պատգամավորը նշել է.
«Խստորեն դատապարտում ենք կապիտալիստական համակարգին չհանձնվող անկախ ու ազատ երկրների դեմ «մարդու իրավունքներ»-ի նման հասկացությունների շահարկումը»:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից