«Գրքի ընկեր» պարգևատրման արարողությունը

25-01-2018 15:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճում (9-րդ հարկ) տեղի կունենա ԶԼՄ-ների և լրագրողների` «Գրքի ընկեր» պարգևատրման արարողություն:
 
Հայաստանում վերջին տարիներին գրքին և գրականությանը նվիրված միջոցառումները ունեցել են բավական մեծ հնչեղություն և նպաստել գրքի ու գրականության հանրահռչակմանը:  Մասնավորապես՝ 2017 թվականին տեղի ունեցած Գիրք նվիրելու օր, «Գրաբուս», Գրքի երևանյան փառատոն, «Ընթերցման օլիմպիադա», Գրքոտ գիշեր, Արի գրքախառնվենք և այլ միջոցառումներ, ժամանակակից գրողների ու արտասահմանյան հեղինակների բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ ունեցել են մեծ արձագանք: Եվ դրանում մեծ է նախևառաջ հայաստանյան լրատվական միջոցների և լրագրողների դերը: Այդ միջոցառումները չէին ունենա այն հնչեղությունն ու ինչ-որ տեղ նաև ազդեցությունը, եթե այդ ամենը չուղեկցվեր ԶԼՄ-ների և առանձին լրագրողների շահագրգիռ ու օպերատիվ լուսաբանմամբ: Ուստի, կարևորելով գրքի և գրականության հանրահռչակումը և գնահատելով ԶԼՄ-ների ու լրագրողների ջանքը այդ գործում, «Անտարես» հրատարակչությունը, «Գրքի ինստիտուտ» մշակութային ՀԿ-ն և Հայաստանի մշակութային հիմնադրամը կազմակերպում են «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կպարգևատրվեն ՀՀ այն լրատվամիջոցները, լրագրողները, անհատներն ու կազմակերպությունները, որոնք նպաստել են Հայաստանում գրքի հանրահռչակմանը:
 
Իր հիմնադրման 25-ամյակի առիթով՝ «Անտարես» հրատարակչությունը մրցանակաբաշխության ընթացքում կհանձնի նաև «Գրքի դեսպան» մրցանակ:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից