Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը

16-12-2017 09:30   | Հայաստան  |  Իրադարձություն
Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Ս. Պատարագ կմատուցվի Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում`Երևանի Քանաքեռ համայնքում, Արարատ, Մրգավան և Ներքին Դվին գյուղերի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում:
Ս. Հակոբի բժշկությունների ու հրաշքների մասին բազմաթիվ վկայություններ են մեզ հասել: Ընդհանրական Սուրբն առավել հայտնի է նրանով, որ Արարատ լեռան վրա հրեշտակից ստացել է Նոյյան տապանից մի կտոր-մասունք, որն առ այսօր պահվում է Մայր Աթոռի թանգարանում: 
Ստորև ներկայացնում ենք չորս համայնքների միջոցառումները:
 
Ս. Հակոբի մասունքը կբերվի եկեղեցի
 
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9.30-ին, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնի առթիվ սրբի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի:
Ժամը 10.30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ: Մասունքը հավատացյալների երկրպագությանը կմնա մինչև երեկոյան ժամերգություն:
Հավարտ Ս. Պատարագի ուխտավորներին կմատուցվի հարիսա:
 
Արարատում կտոնախմբեն Ս. Հակոբ եկեղեցու 151-ամյակը
 
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կմատուցվի տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Հակոբ անունը կրող մարդկանց օրհնության կարգ: Այնուհետ համայնքը կտոնախմբի եկեղեցու կառուցման և օծման 151-ամյակը: Եկեղեցու բակում նախատեսված է ազգային երգ ու պար: Ուխտավորներին մատաղ կմատուցվի:
 
Նորաօծ դրբապատկեր կներկայացվի համայնքին
 
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11.000-ին, Ներքին Դվինի Ս. Հակոբ եկեղեցում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի համայնքի հավատացյալներին կներկայացվի նորաօծ սրբապատկեր, որը տեղադրվելու է եկեղեցու Խորանին:
 
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի 
 
Դեկտեմբերի 16-ին ՝ժամը 11.00-ին, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում համայնքի դպրոցականները հանդես կգան շարականների երգեցողությամբ ու ազգային երգուպարով կնշեն տոնը: Ուխտավորներին կմատուցվի մատաղ:
 
Ս. Հակոբ Մծբնա հայրապետի վարքը
Ս. Հակոբ Մծբնա հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին (Գրիգոր Լուսավորչի ավազանի անունն է) և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած` մանուկ Հակոբն իր քրոջ` Սակդենի հետ տեղափոխվել է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրել արքունիքում: Սակայն Ս. Հակոբը թողել է ճոխ կյանքը և դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին:
Ըստ ավանդության, Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Ս. Մարուգեին հայտնել է, որ Ս. Հակոբն է լինելու Մծբինի աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից