«Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը կմեկնարկվի ՀՀ ԳԱԱ-ում

25-09-2017 09:30   | Հայաստան  |  Գիտաժողով
 Սեպտեմբերի 25-ին` ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հրակ) կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ – 2017» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը:
 
CSIT-2017 գիտաժողովի հիմնական նպատակն է՝ խթանել  գիտելիքների փոխանցումը միջազգային և հայկական գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն` շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և նրանց լուծման եղանակները, քննարկել համատեղ աշխատանքային նախագծեր։ CSIT-2017-ը կհանդիսանա լավ հարթակ Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և դրանք ճշգրտելու համար։
 
Գիտաժողովը կբացի ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, CSIT-2017-ի  կազմակերպչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սահակյանը:
CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական  տեսական և կիրառական ոլորտներին։ Հատուկ տեղ կգրավեն ամպային և գրիդային հաշվարկներին,  կոգնիտիվ ալգորիթմերին և մոդելներին,  կրիպտոգրաֆիային և կիբերանվտանգության   խնդիրներին նվիրված զեկուցումները։  Աշխատանքներին կմասնակցեն գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից,  Ղազախստանից, Նորվեգիայից, Սլովա­կիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Չինաստանից, Սերբիայից, Խորվաթիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Մոլդովայից, Գերմանիայից։
CSIT-2017 գիտաժողովի կարևոր բաղադրիչ կհանդիսանա «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը, որին կներկայացվեն սուպերհամակարգչային  նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։
CSIT-2017 գիտաժողովը կանցկացվի տարբեր ձևաչափերով. պլենար, զուգահեռ  և պոստեր  նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություն­ներով։
CSIT-2017 գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և «IEEE Computer Society» կազմակերպության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում և աջակցում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Հայ լինկ» ՍՊԸ-ն, Երևանի կապի միջոցների ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից