Ծնվել է հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը


19-05-1903   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1903 թ. մայիսի 19-ին Վան քաղաքում ծնվել է հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։ Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։ 1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանը ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-32), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-36),

Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-36)։ Վ. Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը։

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից