1928թ. - Ծնվել է մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ Սերգեյ Մերգելյանը


19-05-1928   | Ռուսաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում ծնվել է մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ Սերգեյ Մերգելյանը: 

Թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։
 
19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
 
Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններ։ Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերին։
 
Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով նրան հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան։ Մրցանակը նրան է տրվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։
Մերգելյանը մահացել է 2008 թվականին՝ Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։
 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից