1955 թ. դեկտեմբերի 21-ին վախճանվել է պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը


21-12-1955   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1955 թ. դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում վախճանվել է պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան): Աճյունը 1983 թ. տեղափոխվել է հայրենիք. մի մասն ամփոփվել է Խուստուփ լեռան ստորոտում, մյուս մասը` Սպիտակավոր եկեղեցու բակում:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թ. հունվար 1-ին Նախիջեւան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում` ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով` լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով` 1907թ.-ին վերադառնում է Կովկաս:

1907-1908 թթ. մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը եւ մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան երեք տարի` տեղափոխվում է Բուլղարիա:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո` 1918 թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ:

1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը` նվիրված Սյունիքի հերոսականին:
1946 թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության:

Նժդեհի ձերբակալությունից հետո ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը: 1947 թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման` պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց:
1948-1952 թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետեւ, մինչեւ 1953թ. ամառը` Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը` առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն եւ գործակցություն ստեղծելու համար: Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որից հետո 1953թ.-ին Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին` հակաթուրքական հողի վրա: Սակայն Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ:
Այնուհետեւ Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ մահանում է 1955 թ.-ի դեկտեմբերի 21-ին:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից