1972 թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում վախճանվել է Մկրտիչ Արմենը


22-12-1972   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1972 թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում վախճանվել է Մկրտիչ Արմենը: Նա ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) արհեստավորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում: Ուսանել է նաեւ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում:
1937 թ.-ին շատ հայ մտավորականների նման Մ. Արմենը` որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է եւ աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ: 1945 թ. արդարացվում է եւ վերադառնում ստեղծագործական աշխատանքի:
1971-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը: Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը: Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների: Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը: Հարուստ եւ բազմաբնույթ է Մ. Արմենի ստեղծագործությունները: Նրա ստեղծագործություններից են` «Երեւան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն: Մ. Արմենը ստեղծագործել է նաեւ չափածո ժանրում: Գրել է նաեւ մանկապատանեկան բանաստեղծություններ եւ թարգմանություններ: Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է: Մ. Արմենի ստեղծագործությունները թարգմանվել եւ առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից