1925թ. Ծնվել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը


30-09-1925   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1925թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը:  1951 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1953 թ-ին կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1951–54 թթ-ին (ընդհատումով) աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում. բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», իսկ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսները: 1954 թ-ից Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր էր: Մալյանը 1971–88 թթ-ին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան), 1975–88 թթ-ին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:

 

Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ, նվիրված է հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967 թ.) շրջադարձային էր ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը: 
Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980 թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին: 
«Նահապետ» ֆիլմն առանձնանում է գունեղ կինոլեզվով: Նա հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտել Մեծ եղեռնի սարսափելի արհավիրքներից փրկված հայի կերպարը: 
Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:
1980 թ-ին Հայֆիլմ կինոստուդիային կից ստեղծել է կինոդերասանի թատրոն-ստուդիան, ղեկավարել մինչև 1988 թ. (նույն թվականին կոչվել է Հենրիկ Մալյանի անունով): Գրել է «Երկխոսություն երրորդի համար» (1997 թ.) գիրքը:
Մալյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1975 թ.): Վախճանվել է  1988թ.:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից