Նոյեմբերի 22-ին վախճանվել է երգիծաբան Լեռ Կամսարը


22-11-1965   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1965 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում վախճանվել է երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան): Ծնվել է 1888-ի հոկտեմբերի 24-ին Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում՝ հոգեւորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում: Ավարտելով Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը՝ վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետեւ աշխատել է Վանի մասնավոր Երամյան վարժարանում:
Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան: 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին:

Գաղթելով Երեւան՝ սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին: 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը: 1935-1955-ը բռնադատվել է` բանտարկվելով սկզբում երեւանյան բանտում, այնուհետեւ աքսորվել Վորկուտա եւ Բասարգեչար: 1955-ի համաներման ժամանակ վերադարձել է Երեւան:

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել: Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել եւ ոչնչացվել է ՉեԿա-յի կողմից եւ այլն, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է:


 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից